2008 թվականից աղետի գոտում իրականացվող բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու էր ճանաչվել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 5419 ընտանիք: Ներառյալ 2021 թվականը՝ մոտ 70 մլրդ դրամի շրջանակում 5391 ընտանիք արդեն ապահովվել է բնակարանով: Բնակարան ստանալուն է սպասում Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիք:
Տանյա Արզումանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Այս ընտանիքները նախընտրել են, որ իրենց բնակարանային խնդիրը դիտարկվի Կապսի ջրամբարի վերաբնակեցման ծրագրի շրջանակում:
Ծրագրից դուրս մնացած 16 ընտանիք որոշել է իր իրավունքները վերականգնել դատական կարգով: Այն ընտանիքները, որոնք ծրագրի իրականացման ընթացքում համալրվել են, կարող են վերականգնել բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը:
Տանյա Արզումանյան - Նրանց խնդիրները լուծվելու են վկայագրի միջոցով, բացառություն են կազմելու գյուղերում մեկ սենյակի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի 3 մլն դրամ:
Կառավարությունը հաշվի կառնի նաև վերջին շրջանում հանրապետությունում անշարժ գույքի գների բարձրացումը:
Տանյա Արզումանյան - Հաջորդ տարվանից կմեկնարկի նոր ծրագիր: Աղետի գոտու բնակավայրերը վերջապես կազատվեն տնակներից: Մինչև 2027 թվականը կապամոնտաժվեն պետական, համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, բնակիչները կվերաբնակեցվեն։ Ֆինանսական աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք նախորդ տարիներին ստացել են բնակարանի գնման վկայագիր, սակայն բնակարան ձեռք չեն բերել: Այն ընտանիքները, որոնք ունեն սեփականություն, սակայն դրանք քանդման ենթակա են, նույնպես բնակարանի ձեռքբերման վկայագիր կստանան:
Տանյա Արզումանյան - Բազմանդամ ընտանիքներին թույլ էր տրվել, եթե զբաղեցրել են 1-ից ավելի տնակ, ապա մեկ տնակը չքանդել՝ պայմանով, որ պետությունը հետագայում կանդրադառնա այս խնդիրին: Մեկ տնակի չափով կտրամադրվի ֆինանսական աջակցություն:
Ֆինանսական աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնք տարիների ընթացքում տրոհվել են՝ մի մասը ստացել է բնակարան՝ մի մասը ոչ. նրանք ևս մեկսենյականոցի ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն կստանան: Աջակցություն կտրամադրվի նաև բնակարան վարձակալողներին:
Տանյա Արզումանյան - Սրանք այն ընտանիքներն են, որոնք ստացել են աջակցություն, սակայն օտարել են բնակարանը, այս ընտանիքներին կտրամադրվի մեկ տարվա վարձ, միայն քանդեն տնակը:
Աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնք մինչև երկրաշարժը բնակվել են այդ համայնքներում, սակայն չեն ունեցել որևէ անշարժ գույք: Ծրագրի շահառու չեն դառնա իրենց բնակարաններն օտարած քաղաքացիները: Բնակարան ստացած, սակայն տնակը չքանդելու պատճառով բնակարանը չսեփականաշնորհած ընտանիքներին տրվելու է 6 ամիս՝ ապամոնտաժելու շինությունը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան