Հուլիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը մասնակցել է և ելույթով հանդես եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Մշտական խորհրդի 133-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ուղղված քայլերին։
Դեսպանն անդրադարձել է նաև 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ դրանք ևս մեկ անգամ վերահաստատեցին Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին և միջազգային չափանիշներին համապատասխան ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը։
Նա ներկայացրել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ընտրական դիտորդական առաքելությունների նախնական գնահատականները՝ շնորհակալություն հայտնելով ՖՄԿ-ին ընտրական գործընթացին ցուցաբերած աջակցության համար։
Արման Խաչատրյանը նշել է, որ 2027թ․ հուլիս-օգոստոսին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են՝ ՖՄԿ-ի և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ։ Նա նաև տեղեկացրել է, որ Խաղերի նախօրեին Երևանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովը։
Խոսելով 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) մասին՝ Արման Խաչատրյանը նշել է, որ համաժողովին նախորդելու է «Առաջնորդները հանուն բնության» խորագրով բարձր մակարդակի գագաթնաժողովը։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովը կհամախմբի պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, գիտական հանրության, բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ քաղաքական հանձնառությունների ամրապնդման նպատակով։