Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու և նշել, որ ցանկանում է օգնել կառուցելու Հարավային Կովկասի կապակցված, խաղաղ և բարգավաճ ապագան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Ֆոն դեր Լայենը նշել է, որ տարածաշրջանում տասնամյակների ընթացքում ամենակարևոր զարգացումը խաղաղությունն է: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղության պատմական համաձայնությունը նոր հնարավորություններ է ստեղծում կայունության, վստահության և համատեղ բարգավաճման համար, և Եվրամիությունը մեծապես աջակցում է այդ գործընթացին:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի դրամաշնորհային ծրագրերի համար, ինչը կարող է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի հանրային և մասնավոր ներդրումներ: Եվրահանձնաժողովի նախագահը նաև շեշտել է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ հուսալի համագործակցության մասին:
Իր հերթին, Ալիևը հայտարարել է, որ Ֆոն դեր Լայենի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, մասնավորապես Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, որը հաջողությամբ է ընթանում: Նրա խոսքով՝ Վաշիգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո խաղաղությունը դե ֆակտո հաստատված է, և դրա օգուտները տեսանելի են: «Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ: Խաղաղությունն այժմ իրողություն է, բայց մենք պետք է աշխատենք այն ամրապնդելու և տևական դարձնելու ուղղությամբ»,- ասել է Ալիևը: