ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազա են տեղափոխել F-16C Fighting Falcon 12 կործանիչ՝ հայտնել է Military Air Tracking Alliance (MATA) ավիացիոն ռեսուրսը: Ինքնաթիռները Սաուդյան Արաբիա են թռել իտալական Ավիանո ավիաբազայից՝ ամերիկյան KC-46 և KC-135 լիցքավորող ինքնաթիռների աջակցությամբ։
Ինչպես հաղորդել է ռազմական Army Recognition պարբերականը, հունիսի կեսերին Միացյալ Նահանգները նաև Մեծ Բրիտանիայից Մերձավոր Արևելք է տեղափոխել հինգերորդ սերնդի F-35A ամերիկյան 18 կործանիչ: Դրանք ժամանել են Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազա:
Ներկայումս Մերձավոր Արևելքում ամերիկյան մարտավարական ավիացիայի խմբավորումն ունի մոտ 300 մարտական ինքնաթիռ, որոնք տեղակայված են Հորդանանի, Իսրայելի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ավիաբազաներում, ինչպես նաև Արաբական ծովում գտնվող երկու ավիակրում: Դրանց թվում են F-35A, F-15E, F-16 և F/A-18 կործանիչները, նաև A-10 գրոհային ինքնաթիռները, որոնք ակտիվ դեր են խաղացել Իրանի դեմ գործողության ժամանակ։
Չորեքշաբթի ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Մերձավոր Արևելք է ժամանել ևս երկու խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի արշավախմբային գումարտակով: