Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով թափանցիկության, անաչառության և արժանիքների վրա հիմնված կառավարման սկզբունքներով, շարունակաբար կատարելագործում է ծառայողների առաջխաղացման և մասնագիտական գնահատման մեխանիզմները՝ ապահովելով հավասար հնարավորություններ և մրցակցային միջավայր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Այդ համատեքստում ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Պարեկային ծառայության կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումների ներկայացված ծառայողների մասնագիտական կարողություններն ու հնարավորություններն ստուգելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողով։ Խորհրդատվական կարծիքի հիման վրա Պարեկային ծառայության պետը համապատասխան առաջարկություն է ներկայացնելու Ոստիկանության պետին։
Հունիսի 30-ին Պարեկային ծառայության Երևանի քաղաքի և մարզային ստորաբաժանումների 34 կրտսեր պարեկ մասնակցել է հարցազրույցի։
Խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողովը նախագահել է ներքին գործերի նախարարի օգնական Արթուր Խուդինյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել ՆԳ նախարարության, միջազգային գործընկերներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովը գնահատել է կրտսեր պարեկների կատարողական ցուցանիշները, ստացած խրախուսանքները, կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներն ու առաջխաղացման տեսանկյունից նշանակություն ունեցող այլ հանգամանքներ, ինչի հիման վրա էլ կձևավորվի խորհրդատվական կարծիքը։
Այս մոտեցումը կնպաստի համակարգում արժանիքների վրա հիմնված առաջխաղացման մշակույթի ամրապնդմանն ու ծառայողների մասնագիտական աճի խթանմանը։