ԱԼԻԵՎԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, այն եղել է դռնփակ և տևել մեկ ժամ։
Ալիևի գրասենյակից հայտնել են, որ Ադրբեջանի ղեկավարը և Էրդողանը քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
«Նախագահները նշել են երկու երկրի միջև բոլոր ոլորտներում բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԽԵՐՍՈՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՒԲՅԵԿՏ Է. ՊԵՍԿՈՎ
Ռուսական ստորաբաժանումների և տեխնիկայի տեղափոխումը Դնեպրի ձախ ափ ավարտվել է, կորուստներ չկան՝ տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա հավելել է, որ Խերսոնի շրջանի աջափնյա հատվածից հեռանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել:
Խերսոնի շուրջն ստեղծված իրավիճակին է անդրադարձել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա բացասաբար է արձագանքել լրագրողների հարցին՝ արդյոք Կրեմլը նվաստացուցի՞չ է համարում Խերսոնից ռուսական ուժերի հետքաշումը և զղջո՞ւմ է Ռուսաստանին Խերսոնի միանալու հարցով հանրաքվե անցկացնելու համար:
«Խերսոնը Ռուսաստանի սուբյեկտ է: Այդ կարգավիճակի հետ կապված փոփոխություն լինել չի կարող»,- ասել է պաշտոնյան:
Պեսկովը նաև հայտարարել է, որ նպատակներին կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, սակայն, նրա խոսքով, այժմ դա անհնար է, քանի որ Կիևը չի ցանկանում բանակցել:
«Մոսկվան կարող է դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը միայն իր նպատակներին հասնելուց հետո»,- զգուշացրել է Դմիտրի Պեսկովը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի հրաժարվում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, սակայն չի տեսնում Կիևի պայմաններով խաղաղություն հաստատելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։
«Ես չեմ փակել այդ դուռը: Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք խոսել Ռուսաստանի հետ, բայց արդեն ուրիշ Ռուսաստանի հետ, որն իսկապես պատրաստ է խաղաղության: Ուկրաինայի բոլոր, այդ թվում՝ 2014 թվականին Ռուսաստանի օկուպացրած տարածքները, պետք է վերադարձվեն»,- CNN-ի հետ հարցազրույցում ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ երկրի հարավում 41 բնակավայր անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։
ԹԵՀՐԱՆԸ ԶԵՆՔ ՉԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՆ. ՔԱՆԱՆԻ
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը զենք չի տրամադրել Մոսկվային՝ ռուս-ուկրաինական հակամարտության գոտում օգտագործելու նպատակով: Նասեր Քանանիի խոսքով՝ Իրանին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Պաշտոնյայի համոզմամբ՝ Արևմուտքը բարձրացնում է այդ հարցը՝ օրինականացնելու Կիևին ռազմական աջակցությունը:
«Թեհրանը դեմ է պատերազմին, հանդես ենք գալիս հրադադարի և խաղաղության օգտին»,- հավելել է Քանանին։
Ավելի վաղ՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը Ռուսաստանին փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարել, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությունից մի քանի ամիս առաջ: Նրա խոսքով՝ իր երկիրը Կիևից ապացույցներ է պահանջել, որ ռուսական ուժերն իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Ուկրաինայի դեմ: