Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անքննելի են՝ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը դառնա Միութենական պետության կամ Ռուսաստանի մաս: Ասաց՝ ռուս գործընկերների հետ նման խոսակցություններ չեն եղել:
Ալեն Սիմոնյան (ՀՀ Ազգային ժողովի նախագահ) - Ես չեմ կարող ասել, թե ով որտեղ ինչ ցանկություն ունի, Հայաստանի Հանրապետությունում նման հարց չի կարող քննարկվել նույնիսկ:
Արցախում մտավախություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում Արցախը կարող է զրկվել ինքնորոշման հնարավարությունից: Այս հարցին անդրադառնալով՝ Սիմոնյանը նշեց.
Ալեն Սիմոնյան - Տարածքային ամբողջականությունը մենք միմյանց ճանաչել ենք դեռ 91 թվականին, և նաև հետագայում ստորագրված փաստաթղթեր կան, որտեղ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը: Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր տարածքային պահանջ երբևիցե չի ունեցել: Խոսքը վերաբերել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքին: Սրանք իրավունքների հարցեր են, և չեմ կարծում, որ ընդհանրապես Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ: Դա իմ անձնական կարծիքն է, կարծում եմ՝ իմ գործընկերները կկիսեն այդ կարծիքը:
Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ քննարկվող փաստաթուղթ չկա: Չի որոշվել նաև, թե Հայաստանն ինչ առաջարկներով է գնալու խաղաղության պայմանագրի բանակցություններին:
Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում էլ Ալեն Սիմոնյանը մտադիր է քննարկել ՀԱՊԿ-ի, Հայաստան-Ռուսաստան փոխօգնության պայմանագրի վերաբերյալ հարցերը: Հիշեցրեց՝ Հայաստանը դիմել է աջակցություն ստանալու համար, և մինչ օրս պատասխան չունենք: Նույնիսկ մերժում չկա:
Շատ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետեև այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս: Ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք և հասկանանք, բայց միևնույն ժամանակ սա խաղուպար չէ, որ մենք արագ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու, և ինչ է դրան հետևելու:
Խաղաղությունը շարունակում է օրակարգային մնալ նաև որպեսզի գերիների սպանության տեսանյութեր այլևս չլինեն՝ ասաց Սիմոնյանը:
Իսկ դուք ինչու չեք նշում, որ վարչապետը նշեց, որ մեր պաշտպանական բյուջեն աննախադեպ աճում է, ինչու չեք նշում, որ մենք շարունակում ենք բանակը զինել: Ով է ասում, որ բանակ պետք է չլինի: Խաղաղության օրակարգը նշանակում է, որ բանակ պետք է չլինի՞: Ոչ:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը Մոսկվա է մեկնելու հոկտեմբերի 9-ին՝ եռօրյա այցով: Վստահեցրեց՝ այդ այցը վերջին որևէ իրադարձության հետ կապ չունի: Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերը ստացել է մոտ հինգ ամիս առաջ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան