Վերջերս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպում եղավ, և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց, որ առաջարկ է հնչեցրել կիսել պատասխանատվությունը ստորագրվելիք փաստաթղթի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կոնսոլիդացիայի գաղափարին, պատրա՞ստ եք նախկին ղեկավարների հետ հանդիպել, նրանց ներկայացնել բանակցային նյուանսներ: Հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում:
«Որովհետև եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, և նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել պատասխանատվություն վերցնել, կարող եմ ասել, որ իշխանությունը գիտակցում է, Կառավարությունը և անձամբ ես՝ երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, և այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել և այդ պատասխանատվությունը նաև մենք ստացել ենք մեր ժողովրդից:
Կա երկրորդ կողմը. խոսք է գնում է բանակցային գործընթացից տեղյակ լինելու մասին, և ես ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել. որովհետև կա կարծիք, որ բանակցային գործընթացից տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ: Բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ և ոչ միայն մեր թիմակիցներ:
ՔՊ-ն ամբողջությամբ տեղյակ է, Անվտանգության խորհուրդն ամբողջությամբ տեղյակ է, Արցախում ամբողջությամբ տեղյակ են: Խորհրդակցության մասնակցողներից մի մասը տեղյակ է բանակցություններից, մյուս մասն էլ տեղյակ լինելու հնարավորություն ունեցել է: Ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ:
Ուզում եմ ընդգծել՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, համապատասխանաբար, երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը ևս հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը»,- ասաց նա՝ նշելով՝ այդ քննարկումների մասին նաև փորձագիտական լայն շրջանակի է տեղյակ պահում:
«Պատասխանատվությունից մենք չենք խուսափել և չենք խուսափում: Բնականաբար, եթե կան քաղաքական ուժեր, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ Հայաստանի շուրջ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործում, կարող են նպաստել, տեղեկատվությունը փակ չէ այդ ուժերի համար, փակ է ֆորմատի առումով»,- նշեց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ քանի դեռ կոնկրետ ձևակերպված առաջարկ չկա, հարկ չի համարում արձագանքել դրան: