Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ: Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է նշված վայր: Պարզվել է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս էր:
Քիչ անց բաժնում հաղորդում է տվել նկարչի դուստրը: Նա հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հոր արվեստանոցից գողացել են յուղաներկով արված 350 կտավ, հնաոճ իրեր, այդ թվում` պղնձե երեք ինքնաեռ ու կավե կուժ, նաև թվային ֆոտոխցիկ: Դուստրն ուներ նաև որոշակի կասկածներ, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Հիմնավորումն այն էր, որ արվեստանոցի բանալին կար նաև նրա մոտ:
Փաստի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, քննչական գործողություններ, առաջ քաշվել վարկածներ: Մանրակրկիտ ուսումնասիրվել է նաև նկարչի դստեր կասկածը, որն արագ հերքվել է:
Ձեռք բերված սուղ տեղեկությունների պայմաններում Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ, և հետևողական աշխատանքի արդյունքում ի վերջո պարզել են կատարողի ինքնությունը:
Ահազանգից վեց օր անց՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Վիկտոր Համբարձումյան փողոցում ձերբակալվել է ու բաժին տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Ամենակարևորը` գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: