Հուլիսի 4-ին պաշտոնապես մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ Սյունիքի սրտում համախմբելով համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներին, երիտասարդ տաղանդներին և արվեստասեր հանդիսատեսին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, երաժիշտներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր:
10 օր նախատեսվող «Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում Կապանում հյուրընկալվել են աշխարհահռչակ մենակատարներ, կամերային երաժշտության հեղինակավոր արտիստներ։ Փառատոնի համերգային ծրագրերը ներառում են դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ, ստեղծագործական համագործակցություններ և երաժշտական նոր ձևաչափեր։
Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «Կապան Ֆեստ Ակադեմիան», որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ընտրված երիտասարդ երաժիշտները մասնակցում են վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ։
Այս տարի ևս փառատոնի հատուկ իրադարձություններից է համաշխարհային ճանաչում ունեցող Florian Leonhard Fine Violins ընկերության բացառիկ ցուցադրությունը։ Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու և ծանոթանալու լեգենդար վարպետներ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի եզակի լարային գործիքներին, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ են։
«Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կներկայացվի նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը։ Դիմակահանդեսային մթնոլորտում անցկացվող միջոցառունը կմիավորի վիեննական վալսը, օպերային երաժշտությունը և ջազային կատարումները՝ ստեղծելով եվրոպական մշակութային ավանդույթների յուրահատուկ շունչ Կապանում։
Փառատոնի բոլոր համերգները բաց են հանդիսատեսի համար, իսկ կրթական ծրագրերին և վարպետության դասերին հնարավորություն ունեն մասնակցելու նաև երիտասարդ երաժիշտներ՝ որպես հյուր մասնակիցներ։