Ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ժամանցի և կրթության կազմակերպման նպատակով գործող ամառային դպրոցները և ճամբարները հաճախ գործունեության ընթացքում առնչվում են երեխաների անձնական տվյալների հետ (անուն, ազգանուն, կոնտակտներ, լուսանկարներ, առողջական վիճակի մասին տեղեկություններ և այլն) և հանդես գալիս որպես տվյալներ մշակողներ։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացրել է տասը գործնական խորհուրդ, թե ինչպես մշակել երեխաների անձնական տվյալները՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության և երեխայի լավագույն շահի սկզբունքները։
Ընդունելության կազմակերպման կամ գրանցման նպատակով հավաքել նվազագույն քանակի այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ են սահմանված նպատակին հասնելու համար։ Խուսափել լրացուցիչ տվյալների ստացումից, ինչպես օրինակ՝ ծնողի աշխատանքի վայր, երեխայի բնակության հասցե և այլն, եթե դրանք անհրաժեշտ չեն ծառայությունների մատուցման կամ սահմանված այլ իրավաչափ նպատակի համար։
Ստանալ երեխայի օրինական ներկայացուցչի (տարիքից ելնելով՝ նաև երեխայի) համաձայնությունը՝ վերջինիս տվյալների մշակման համար։
Ծանուցել երեխայի օրինական ներկայացուցչին երեխայի տվյալների հետ կատարվող գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ տվյալները երրորդ անձանց փոխանցելու հնարավորության մասին։
Երեխաների առօրյայի կամ միջոցառումների ընթացքում տեսա և լուսանկարահանում իրականացնելիս՝ հարցնել երեխայի կարծիքը։ Բացասական պատասխանի դեպքում բացառել տվյալ սուբյեկտին տեսա կամ լուսանկարահանելու գործողություններից։
Երեխաների մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը կազմակերպության էջերում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, հրապարակել բացառապես երեխայի և նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։
Ապահովել անձնակազմին՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ համապատասխան գիտելիքներով ու երեխաների զգայուն տվյալների հետ վարվելու հմտություններով։
Ապահովել անվտանգության միջոցառումներ՝ երեխաների անձնական տվյալների պահպանման, դրանց հասանելիության սահմանափակման ուղղությամբ։
Ապահովել ինտերնետ ցանցերի անվտանգությունը, կիրառել բարդ գաղտնաբառեր, հնարավորության դեպքում՝ երկփուլանի վավերացում։
Երեխայի առաջադիմության վերաբերյալ տեղեկությունները չբացահայտել երրորդ անձանց։
Խմբային զրուցարանների վարման ընթացքում պահպանել տվյալների հրապարակման կանոնները․ անձնական տեղեկությունները փոխանցել անձնական հաղորդագրությամբ, այլ ոչ՝ ընդհանուր զրուցարաններով։