2026 թվականի հուլիսի 4-ին հրապարակվեց ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի որոշումը, որի եզրափակիչ մասում նշվում է.
«Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62, 63 և 77-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
ՍԴ-ից տեղեկացնում են, որ Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում:
Հիշեցնենք՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ի արտահերթ նիստում ամփոփել էր ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունել Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշումը։
Մանդատները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ․
«Ուժեղ Հայաստան» դաշինք (կազմում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն,«Նոր դարաշրջան» կուսակցություն,«Միավորված հայեր» կուսակցություն)՝ 29 մանդատ․
«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ կազմում՝ ՀՅԴ, «Առաջ» աջակենտրոն կուսակցություն՝ 12 մանդատ։
Հիշեցնենք նաև, որ ՍԴ էին դիմել 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ժողովրդավարության պաշտպանների միություն հանուն հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները։ Ավելի ուշ «Նոր ուժը» դադարեցրել էր մասնակցությունը։
Հուլիսի 1-ին, լսելով կողմերի եզրափակիչ ելույթները, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։