ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցված Վեդիի ջրամբարի, որը ՀՀ անկախության տարիներին կառուցված առայժմ միակ նման կառույցն է, ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում: Այն լցվում է Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից հայտնում են, որ ընդհանուր 29,4 միլիոն խմ տարողությամբ ջրամբարում արդեն լցվել է 11,6 միլիոն խմ ջուր։
«Ջրամբարում կամբարվի 29.4 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել Արարատի մարզի 11 բնակավայրի 3220 հեկտար հողատարածք։
Ջրամբարի կառուցման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո։ Բացի ջրամբարի ծախսից ևս 30 միլիոն եվրո ծախսվել է Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների, ջրի փոխադրման և ոռոգման համակարգի համար։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն եվրո, որը հատկացրել են ՀՀ կառավարությունը և Ֆրանսիական զարգացման գործակալությունը»,-տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։