«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծում որոշակի փոփոխություններ են արվել: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցումից հետո ոստիկանության և օրենսդիր մարմնի գործընկերները գտել են հիմնական վիճելի հարցի փոխզիջումային տարբերակը, որը վերաբերում է ակոսափող փամփուշտների վերալիցքավորմանը:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Սովետական տարիներից հիշում ենք՝ կողքի հարևանը երբ որսորդական հրացան ուներ, երկաթի փամփուշտները լցնում էին, թուղթը խրում էին մեջը, գնում էին ծիտիկ խփելու: Հիմա զարգացել է ամեն ինչ, լիցքավորման հետ կապված ինչ խնդիր է, որ դարձել է անլուծելի և կոմպրոմիսի խնդիր է առաջացել:
Օրինագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը նշեց՝ իրենք ճիշտ են համարում դաշտն ազատ թողնելը, իհարկե՝ Կառավարության հաստատած կարգի շրջանակում: Ոստիկանությունն է խնդիր տեսնում:
Վիլեն Գաբրիելյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ) - Մենք գործընկերների դրության մեջ այդ առումով մտնում ենք, որ քանի որ ՀՀ-ում ակոսափողի վերալիցքավորում չի եղել, էստեղ որոշակի առումով մասնագիտական այսպես ասած բազայի ստեղծման կարիք կա, որովհետև գործընկերները նշում են` բալիստիկ որոշակի խնդիրներ կարող են ծագել, ռիսկեր կարող են լինել անվտանգային:
Ամեն դեպքում որոշվել է գոնե ժամանակավորապես ակոսափողի վերալիցքավորման իրավասությունը պատվիրակել մի քանի կառույցի:
Վիլեն Գաբրիելյան - Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության առևտրի հրաձգային գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձինք, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունները կառավարության սահմանած կարգով կարող են իրականացնել քաղաքացիական ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը:
Նույն հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ տարածվող լուրերին, թե օրենքի ընդունումը հանգեցնելու է հանցագործությունների աճի: Ընդգծեց՝ նոր օրենքով ոչ թե հեշտանում է զենք ձեռք բերելը, այլ հակառակը: Ու եթե գործող օրենսդրությամբ հնարավոր է հոգեկան առողջության խնդիր և թմրամիջոցից կախվածություն չունենալու մասին տեղեկանքով զենքի ցանկացած խանութում անդամագրվել որսորդմիությանն ու գնել հարթափող ցանկացած զենք, ապա նոր կարգավորմամբ զենք ձեռք բերելը հնարավոր կդառնա քննության միջոցով: Արմեն Խաչատրյանն էլ հավելեց՝ զենք չի տրամադրվելու որոշակի հանցագործություններ կատարած անձանց՝ անկախ հանգամանքից՝ դատվածությունը մարվե՞լ է, թե՞ ոչ:
Ոստիկանության պետի տեղակալն իր հերթին նկատեց, որ զենք կրելու իրավունքի համար քննության անցկացումը նախագծով վերապահվում է ռազմամարզական հասարակական կազմակերպություններին:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Քաղաքացին եթե դիմի ոստիկանությանը զենք ստանալու համար, մենք դեռևս չունենք կարգավորումներ ռազմամարզական հասարակական կազմակերպությունների վերաբերյալ:
Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ «Զենքի մասին» օրենքի նախագիծը ընդունվելու հաջորդ պահից շրջանառելու են այս կազմակերպություններին վերաբերող նախագիծը: «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ. փաթեթը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։
Հեղինակ` Աննա Զախարյան