«Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհված շինության քանդման թույլտվությունը տրված է, աշխատանքները մի քանի օր է՝ սկսվել են: Աշխատանքների իրականացումը վերապահվել է մասնավոր ընկերությանը:
Վահե Թորոսյան («Ստրադա» ընկերության տնօրեն) - Մաքրման աշխատանքները սկսել ենք շաբաթ օրվանից, քաղաքապետի հրամանով թույլատրել են տարածքի մաքրումը:
Վնասված շենքի ապամոնտաժման աշխատանքներին ներգրավվելու են նաև արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, շտապօգնության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ասում է ընկերության տնօրենը:
Ապամոնտաժվելու է այս հատվածը ամբողջությամբ, այսինքն՝ որտեղ եղել ա պայթյունը: Էս հատվածը, որտեղ որ վնասված ա, ու ԱԻՆ-ի խորհրդով ապամոնտաժվելու է նաև այս հատվածը, որովհետև ինքը արդեն օգտագործման համար վտանգավոր ա:
Նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչև դեկտեմբերի 31-ը: Ընկերության տնօրենը հավաստիացնում է՝ կավարտեն երկու ամսում: «Սուրմալուի» մի հատվածում էլ տնտեսվարողները սեփական միջոցներով նորոգում են խանութները՝ շարունակելու գործունեությունը: Զգալի ֆինանսական կորուստ են կրել, սակայն վնասի փոխհատուցում առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից չի տրվել:
Տնտեսվարող - Փոխհատուցում չկա, մեր ուժերով անում ենք: Սեփականատերերի հետ հանդիպում չի եղել:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին և խեղում կամ վնասվածք ստացած անձանց:
Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ) - Վիրավորում ստացած անձինք բաժանված են երկու մասի, մինչև երեք օր բուժհաստատություններում բուժվող անձինք կստանան 150 հազար դրամ միանվագ օգնություն, իսկ երեքից ավելին՝ 300 հազար դրամ:
Աջակցությունից կօգտվի 24 վիրավորում ստացած անձ: 16 մահացածի և 1 անհետ կորած անձի ընտանիքներին կտրամադրվի 3-ական մլն դրամ: Այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 56 մլն դրամ: Դրամական միանվագ աջակցությունը փոխանցվելու է բանկային հաշվին: Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ն է:
Արտակ Հարությունյան - Դիմում ներկայացվելու է նախարարության միասնական սոցիալական ծառայությանը: Հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:
Արտակ Հարությունյանի խոսքով՝ քննարկվում է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած վերջին դեպքի՝ պատի փլուզման հետևանքով տուժածների օժանդակության հարցը: Պայթյունի հետևանքով բուժօգնություն է ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 60-ից ավելի քաղաքացի:
Քնար Ղոնյան (ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ) - Դեպքերը հիմնականում եղել են ծխահարություններ, ունեցել ենք սալջարդեր, մաշկային վնասվածքներ, այրվածքներով պացիենտներ ենք ունեցել, կոտրվածքով պացիենտներ, բայց, բարեբախտաբար, մեր բոլոր պացիենտները շատ արագ ապաքինվել են, և ստացիոնար ապաքինում են ստացել նրանցից մի քանի հոգի:
Առողջապահության նախարարությունը տուժած անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրել է նաև հոգեբանական աջակցություն:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան