Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ազգային համախմբման կայացման և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորման մասին առաջարկը, որին, ըստ առաջին նախագահի՝ դեմ են եղել օրեր առաջ Մայր աթոռի հանդիպմանը մասնակցած նախկին նախագահները, իշխանությունը կողմ է՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Մենք մշտապես հանդես ենք եկել համազգային համերաշխության և միասնականության դիրքերից և գտել և գտնում ենք նաև հիմա, որ Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերները պահանջում են, որպեսզի մենք մեր բոլոր ուժերը կենտրոնացնենք և կարողանանք պատասխանել այդ մարտահրավերներին պատշաճ կերպով: Մենք որպես իշխանություն անում ենք մեր առավելագույնը և մշտապես պատրաստ ենք եղել նաև թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե արտախորհրդարանական, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ևս միասնական ջանքեր գործադրել այդ նպատակների իրագործման համար:
Կոնջորյանն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե բանակցային գործընթացին վարչապետից բացի տեղյակ է ընդամենը մի քանի հոգի, նշելով՝ խմբակցության 71 պատգամավորներն էլ տեղեկացված են: Կառավարող ուժի ներկայացուցիչը նաև հիշեցրեց՝ խորհրդարանական ընդդիմությունն ինքն է հրաժարվել վարչապետի հետ փակ հանդիպումներից, ինչը հնարավորություն կտար իրավիճակի մասին ինֆորմացիա ստանալ:
Հայկ Կոնջորյան - Ես կարծում եմ և նույնիսկ համոզմունք ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը վախենում է պատասխանատվությունից, որովհետև տիրապետել տեղեկատվության՝ նշանակում է նաև վերցնել էդ պատասխանատվությունը էդ տեղեկատվությունը իմանալու, և եթե դու իմանում ես այդ տեղեկատվությունը, դրանից հետո դժվար է լինելու դուրս գալ փողոց և խոսել իրականության հետ կապ չունեցող, երևակայական և դավադրապաշտական թեզերի մասին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը նաև Ռոբերտ Քոչարյանի առաջ քաշած մասնակի իշխանափոխության առաջարկին անդրադարձավ: Կառավարող ուժից նոր վարչապետի թեկնածու առաջադրելու և ընդդիմության համար ընդունելի մեկին ընտրելու տարբերակը Հայկ Կոնջորյանը իշխանագողության փորձ որակեց: Կոնջորյանը հիշեցրեց՝ 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրություններին քաղաքացիները վստահության քվեն տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հայկ Կոնջորյան - Կարծում եմ, որ անհեթեթ են և քաղաքականապես նաև սակավամիտ են բոլոր էն առաջարկները, որոնք որ նպատակ ունեն Հայաստանում ոչ թե իշխանափոխություն անելու, այլ իշխանագողություն անելու: Որովհետև մենք դեռ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ականատեսն ենք եղել էդ իշխանագողության պրոցեսի փորձերին, անհաջող փորձերին, երբ նույն խմբի ներկայացուցիչները այն ժամանակ փորձում էին «Վազգեն Մանուկյան» օպերացիա անել և ժողովրդի իշխանությունը գրպանել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ կողմ են միասնականությանը, բայց թույլ չեն տա փորձել գողանալ ժողովրդի իշխանությունը՝ Հայրենիքը փրկելու անվան տակ։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան