Այս տարվա առաջին ութ ամիսներին Երևանի «շտապօգնությունում» ստացվել է մոտ 193500 կանչ: Դա 14,5 հազարով քիչ է, քան եղել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Բայց ցուցանիշը միայն առաջին հայացքից է դրական: Ընդհանուր նվազումը հիմնականում քովիդի դեպքերի հաշվին է, իսկ ահա հոսպիտալացումներն ավելի շատ են եղել՝ գրեթե 7300-ով:
Թագուհի Ստեփանյան (Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն) - Ավելացել են մանկական կանչերի թիվը 4769-ով և կազմել 16604 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 1406 երեխա ավելի, քան նախորդ տարի:
Շտապօգնության կանչերի մեծ մասը սրտանոթային հիվանդությունների պատճառով է: Երկրորդ տեղում սուր շնչառական հիվանդություններն են, հետո՝ վնասվածքները: Բոլոր երեքի վերաբերյալ կանչերն էլ հաշվետու ժամանակահատվածում ավելացել են: Երևանի «Շտապօգնության» ծառայությունը օրական միջինը 750 կանչ է ստանում: Դրանց 20-25 տոկոսը անհետաձգելի դեպքերն են: Թագուհի Ստեփանյանն ընդգծում է՝ այդ կանչերը սպասարկում են առաջին հերթին, և հիմնականում անձնակազմը տեղ է հասնում կանչը ստանալուց հետո 15 րոպեի ընթացքում, ինչպես չափորոշիչներով է սահմանված: Բայց նաև անտեղի կանչեր են լինում, երբ պետք է դրա փոխարեն դիմել ընտանեկան բժշկին կամ դեղատուն գնալ:
Թագուհի Ստեփանյան - Գերադասում են նստել տանը, դեղի հաբը չխմել, չիջնել դեղորայքը առնել դեղատնից, այլ կանչել շտապօգնություն և ստանալ անվճար օգնություն
Շտապօգնության անձնակազմին ծեծելու դեպքերն էլ եզակի չեն:
Թագուհի Ստեփանյան - Ընդհանրապես միշտ հիշեք, որ շտապօգնության ծառայությունը, բրիգադը գալիս է մարդկանց փրկելու, այլ ոչ թե վնասելու, և դեպքերը, որոնք գրանցվում են վերջերս բժշկի վրա ուժ կիրառելու, այդ ուժը կարող են կիրառել լրիվ ուրիշ տեղերում: Պետք չի բժշկի վրա ուժ կիրառել: Այն մարդու վրա, որը գալիս է ձեր կյանքը փրկելու, ձեր երեխայի կյանքը փրկելու:
«Շտապօգնություն» ծառայության տնօրենի փոխանցմամբ՝ վերջին նման դեպքը եղել է սեպտեմբերի 25-ին: Մարմնական վնասվածքներ են պատճառվել բժշկին ու վարորդին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան