Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատել է՝ հակահարձակում են սկսվել Խարկովի մարզում, հարձակողական գործողությունները շարունակվում են նաև հարավում։ «Երեք օրում մեզ հաջողվեց Խարկովի ուղղությամբ առաջ շարժվել մոտ 50 կմ՝ ազատագրելով 20 բնակավայր։ Հետախուզության տվյալներով՝ հակառակորդը զգալի կորուստներ է կրել, նրանք փորձում են վիրավոր զինվորականներին և խոցված տեխնիկան տարհանել Օլխովատկի և Բորոդոյարսկի շրջաններ»,- նշված է շտաբի առավոտյան ամփոփագրում:
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ Խարկովի շրջան տեղափոխվում են հավելյալ ուժեր, ուկրաինական ուժերի առաջխաղացմանը հակազդելու գործում ակտիվորեն ներգրավված է ռազմական ավիացիան: Օրվա ընթացքում ուկրաինական կողմին հասցվել է 45 օդային և 5 հրթիռային հարված։
ԱՄՆ պաշտպանության նախարարը նույնպես անդրադարձել է թեմային՝ հաստատելով, որ ուկրաինական ուժերը որոշակի հաջողություններ են գրանցել Խարկովում և Խերսոնում: Լլոյդ Օսթինը նշել է, որ արևմտյան հետախուզական ծառայությունների տվյալով՝ ռուսական կողմը մեծ թվով զոհեր ունի:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՄ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ԵՄ էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարները Բրյուսելում արտակարգ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու հանձնաժողովի առաջարկները՝ կապված էներգիայի աճող ծախսերի հետ: Նախարարները նպատակ ունեն համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուսական գազի գնի սահմանաչափի սահմանումը, ոչ գազային էներգիա արտադրողների ավելցուկային եկամուտների կրճատումը և Եվրամիության տարածքում էներգիայի խնայողության միջոցառումների իրականացումը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես առաջարկել է հատուկ պայմաններ առաջարկել այն ընկերություններին, որոնք մատակարարման հետ կապված խնդիրներ ունեն ռուսական գազի անջատման պատճառով: Ֆրանսիան կաջակցի գազի և էլեկտրաէներգիայի գների զսպմանն ուղղված միջոցառումներին, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունից գազատարի գնի սահմանաչափի սահմանումը, եթե նման առաջարկ ստանա Եվրահանձնաժողովից՝ հայտարարել է երկրի էներգետիկայի փոխակերպման նախարարը: Ռուսական գազի գները սահմանափակելու ԵՄ առաջարկը մինչ այժմ չի ստացել երկրների մեծամասնության աջակցությունը, քանի որ Ռուսաստանը սպառնում է ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները:
ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐԸ ԿՍԱՌԵՑՎԵՆ
ԵՄ խորհուրդը հավանություն կտա Ռուսաստանի քաղաքացիների զբոսաշրջային վիզաների սառեցմանը: ԵՄ ներքին գործերի եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը նշել է, որ ռուսաստանցիների համար զբոսաշրջային վիզաների ամբողջական սառեցման առաջարկը պատկանում է իրեն, որը ԵՄ խորհուրդը հավանաբար կհաստատի այսօր:
ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՀՈՒՇԱԳԻՐ ՇՀԿ-ԻՆ ԻՐԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում կստորագրեն Հուշագիր կառույցին իրանական կողմի անդամակցության հետ կապված պարտավորությունների մասին: Պարտավորությունների իրականացումից հետո Թեհրանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիարժեք անդամ՝ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Չժան Մինը: Նա նաև հավելել է, որ ակտիվորեն քննարկվում է Բելառուսի հայտն այդ միջազգային կազմակերպության անդամ պետության կագավիճակ ստանալու համար:
ԿԺԴՀ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հյուսիսային Կորեան հաստատել է միջուկային պետության կարգավիճակը՝ հրաժարվելով ապամիջուկայնացման բանակցություններից: Գերագույն ժողովրդական ժողովն ընդունել է «Միջուկային զենքի քաղաքականության մասին» օրենքը, որն իրավաբանորեն հաստատել է միջուկային պետության կարգավիճակը։ Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ միջուկային զենք ունենալը իր երկրի օրինական և անքակտելի իրավունքն է, ինչի կապակցությամբ Փհենյանը մտադիր չէ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններ վարել: Օրենքում մասնավորապես նշվում է, որ Հյուսիսային Կորեան, լինելով «պատասխանատու միջուկային տերություն», միջուկային զենք չի փոխանցի այլ երկրներ, չի կիսի միջուկային տեխնոլոգիաները, սարքավորումները և դրանց արտադրության համար անհրաժեշտ նյութերը։