44-օրյա պատերազմին մասնակցած և մեկ ոտքից զրկված լեյտենանտ Արամ Քալանթարյանը Ֆեյսբուքում բաց նամակով ահազանգում է՝ հաշմանդամության 2-րդ խումբը փոխարինվել է 3-րդով։
Մանրամասնում է՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունենալու հիմնավորմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից միանվագ 5 միլիոն դրամ արդեն ստացել է։ 20 տարում էլ 53 մլն դրամ պիտի ստանար, ամսական՝ 200 000 դրամ։ Սակայն կարգի փոփոխության հետևանքով դադարեցվել է Քալանթարյանին տրամադրվող հատուցումը.
«Վերափորձաքննության ժամանակ ինձ ներկայացվել է ինչ-որ ցուցակ, ենթադրաբար, Սոցապնախարարության կողմից տրամադրված, որի մեջ նշված էր, որ մեկ ոտքի բացակայության դեպքում 2-րդի փոխարեն 3-րդ խումբ է սահմանվում, եթե այլ՝ ուղեկցող հիվանդություններ չկան»։
Արամ Քալանթարյանի հետ հանդիպել չկարողացանք՝ այս պահին երկրում չէ, նաև նշեց՝ նկարահանվել չի ցանկանում: Բաց նամակին հետևեցին իրավասու մարմինների հայտարարությունները:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշեց՝ իրենք հաշմանդամության սահմանման գործընթացում որևէ ներգրավվածություն չունեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ տեղեկացրեց՝ պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498, այժմ՝ վերափորձաքննություններից հետո՝ 255-ով պակաս՝ 1243 անձի համար։ Նրանցից 1-ին խումբ՝ 112, 2-րդ խումբ՝ 244, և 3-րդ խումբ՝ 887 անձ։
«Թեման ցավոտ է». բաց նամակին նախարարի արձագանքն է: Նշում է՝ կա հիվանդությունների դասակարգիչ, որը սահմանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Պատերազմից հետո, երբ կարգերը տրվել են, կա որոշակի ժամանակահատված, որից հետո պետք է անցնեն փորձաքննություն: Դա քաղաքական որոշում չէ, և երբ որ փորձաքննող բժիշկները կարգը իջեցնում են` այդ ստանդարտներից ելնելով, այսինքն` կա դրական միտում:
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի իրավաբանը նշում է՝ չնայած այս դեպքով իրենք բողոքարկման պահանջ չեն ստացել, բայց վերջին շրջանում հենց այս խնդրով դիմումների հոսք կա:
Լիլիթ Նալբանդյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի իրավաբան) - Շատ-շատ, քանի որ տղաների մեծ մասը 21-ի մարտ-ապրիլին են ստացել կարգը, ու մեկ տարի անց, վերափորձարկման արդյունքում, իջեցվել է, մի մասինը չի տրվել, մեծ դիմումների հոսք ունենք, մոտ 30 դիմում արդեն քննել ենք: Պետք է նշեմ, որ մեծ մասի դեպքում համապատասխանում է որոշումը:
Նշում է՝ գրեթե բոլոր դեպքերում հաշմանդամության խումբը տրվում է 1 տարի ժամկետով, հաջորդ տարի վերափորձաքննությամբ որոշվում է` խումբը ենթակա է փոփոխման, թե ոչ, ու մի քանի դիտարկումից հետո արդեն հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ:
Առաջին 1 տարում օրգանիզմը ունենում է վերականգնման հնարավորություն, ու հաջորդ տարի մեծամասամբ օբյեկտիվորեն խումբը իջնում է: Հաշմանդամության խումբը տրվում է ֆունկցիայի խանգարմամբ, ոչ թե հիվանդության տեսակով:
Իրավաբանի գնահատմամբ` դիմումների մեծ թվի պատճառն այն է, որ գերատեսչությունները ամեն մի դեպքի հետ առանձին ու մանրամասն չեն աշխատում:
Լիլիթ Նալբանդյան - Ունենք դեպք, որ մարդը եկավ, իր վիճակը նայեցինք, քննարկեցինք մանրամասն, ու, ի վերջո, հասկացավ, որ իր խումբը ճիշտ է իջեցվել, մենք ուզում ենք հասնել նրան, որ մարդը գա այդ գիտակցմանը ոչ թե մտածի` բողոքարկել չենք ուզում:
Կարգի իջեցման չափորոշիչների հարցում ևս խնդրահարույց հարցեր կան, նախարարությանն արդեն դիմել են, նշում է Զինվորի տան իրավաբանը, շեշտում՝ կարգի իջեցման, կարգ չտրամադրելու բողոքարկումներ մինչև 44-օրյա պատերազմը ևս եղել են, գործը հասել է դատարան և շահել են:
Լիլիթ Նալբանդյան - 44-օրյայից հետո մեզ հասած 30 դեպքերից 2-3 դեպքի մասով կա բողոքարկման հիմք: Մեկը ձեռքի ամպուտացիայի հետ է կապված. կարգը 2-ից 3-րդ է իջեցվել:
Նախարարը ևս նշում է՝ եթե փորձաքննության արդյունքները չեն բավարարում, կարող են դիմել վերափորձաքննության
Նարեկ Մկրտչյան - Եթե դա էլ չի բավարարում, թող դիմեն նախարարություն, որտեղ կան մասնագետներ ու նայում են որոշումը, ի վերջո, դատական կարգով կարող են լուծել:
Արամ Քալանթարյանի դեպքով, վստահեցնում է, անձամբ է հետաքրքրված, այս դեպքի հետ կապված և առհասարակ՝ պատրաստ է անձամբ ընդունել, խոսել, քննարկել:
Արամը «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց՝ բացի իր բաց նամակին հրապարակային պատասխաններից, տարբեր գերատեսչություններից իր հետ անձնական կապ ևս հաստատել են:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան