ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը կարող է ավարտվել երկուսից երեք շաբաթում: Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իրանում իշխանափոխություն է տեղի ունեցել, թեև դա չի եղել պատերազմի նպատակների ցանկում:
«Ես մեկ նպատակ եմ ունեցել, որ նրանք միջուկային զենք չունենան, և մենք հասել ենք այդ նպատակին: Նրանք միջուկային զենք չեն ունենա: Մենք ավարտում ենք աշխատանքը: Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում, գուցե դրանից մի քանի օր ուշ կավարտենք աշխատանքը: Հնարավոր է, որ մինչ այդ համաձայնության հասնենք»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը շեշտել է՝ իրենք կհեռանան Իրանից՝ անկախ նրանից՝ համաձայնություն կլինի՞, թե՞ ոչ: Նրա պնդմամբ՝ Իրանն ավելի շատ է գործարք ցանկանում, քան ԱՄՆ-ն:
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ հաղորդագրություններ են փոխանակվում, և որևէ պահի հնարավոր է կողմերի միջև ուղիղ հանդիպումը:
Մարկո Ռուբիոն հավելել է, որ Իրանի դեմ հակամարտության ավարտից հետո Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները և այդ դաշինքի արժեքն ԱՄՆ-ի համար: Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն օգնում է իր դաշնակիցներին, բայց նրանցից օգնություն չի ստանում, երբ կարիք է լինում բազաներ տեղակայել կամ նրանց օդային տարածքով թռիչքներ իրականացնել:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտնել է, որ ուղիղ հաղորդագրություններ է ստացել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ այդ հաղորդագրությունները բանակցություններ չեն: Արաղչին նշել է, որ Թեհրանը չի պատասխանել 15 կետից բաղկացած ամերիկյան ծրագրին, նաև իր կողմից առաջարկ չի ներկայացրել:
«Մենք չենք հավատում, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները որևէ արդյունք կտան: Վստահության մակարդակը զրո է»,- ասել է Արաղչին:
Նա հավելել է՝ Իրանը լիովին պատրաստ է դիմակայել նաև ցանկացած ցամաքային հարձակման:
Զուգահեռ՝ տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են: Իրանի հարվածներից Իսրայելի կենտրոնական հատվածում կան վիրավորներ: Բահրեյնը հայտնել է իրանական հարձակման հետևանքով գործարաններից մեկում հրդեհի մասին: Արաբական Միացյալ Էմիրություններում անօդաչուի հարվածից բանգլադեշցի է զոհվել: Իրանական ԱԹՍ-ներ են խոցվել Սաուդյան Արաբիայում: Բաղդադում էլ ամերիկացի լրագրող է առևանգվել:
Լիբանանում ևս ռազմական գործողությունները շարունակվում են: Իսրայելական հարվածներից Բեյրութում կա 5 զոհ, 20-ից ավելի վիրավոր: «Հըզբոլլահն» էլ հայտնել է իսրայելական ուժերի հետ բախումների և հակառակորդի թիրախները խոցելու մասին: Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ նույնիսկ «Հըզբոլլահի» հետ պատերազմի ավարտից հետո կպահպանի Լիբանանի հարավի մի հատվածի նկատմամբ վերահսկողությունը
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան