ԱՄՆ պատերազմի նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և թափ հավաքում՝ թեև իրանական կողմը հերքում է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելը: Փիթ Հեգսեթի խոսքով՝ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու, և Թեհրանում դա գիտեն: Նա կրկնել է Դոնալդ Թրամփի խոսքերը, որ Իսլամական Հանրապետությունում արդեն իշխանափոխություն է իրականացվել, և նոր ռեժիմը պետք է ավելի իմաստուն գործի: Հեգսեթը հավելել է՝ Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են տեղեկատվական աջակցություն տրամադրել Իրանին, սակայն Վաշինգտոնը հետևում է նրանց գործողություններին:
Փոխադարձ հարվածներին զուգահեռ պահպանվում է Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը: Իրանի խորհրդարանը հաստատել է նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու օրինագիծը: ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ նշել է, որ բոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով բացառապես Թեհրանի թույլտվությամբ: Վաշինգտոնից նշել են, որ ռազմական սցենարներ են մշակել և կարձագանքեն, եթե Իսլամական Հանրապետությունը փորձի վերահսկել նեղուցը: Ամերիկյան կողմը նաև դժգոհ է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն օգնում ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ գործողություններում: «Եթե որոշեինք դուրս բերել մեր զորքերը Եվրոպայից, դա կնշանակեր ՆԱՏՕ-ի վերջը», - ընդգծել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Դոնալդ Թրամփն էլ գրառում է կատարել Truth Social-ի էջում, շեշտել՝ Միացյալ Նահանգները երբեք չի մոռանա, թե որ երկրներն են հրաժարվել աջակցել ամերիկյան ուժերին Իրանի դեմ գործողություններում: «Այն երկրներին, որոնք չեն կարողանում վառելիք ստանալ Հորմուզի նեղուցի սահմանափակման պատճառով, ինչպես օրինակ Միացյալ Թագավորությունը, առաջարկում եմ կա՛մ գնել այն ԱՄՆ-ից, կա՛մ քաջություն ունենալ, գնալ Հորմուզի նեղուց և վերցնել այդ վառելիքը», - նշել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփի խոսքով՝ այդ երկրները պետք է սովորեն պաշտպանել իրենց՝ առանց ԱՄՆ-ի օգնության: ԱՄՆ նախագահը հավելել է, որ Փարիզն էլ թույլ չի տվել ռազմական պաշարներով բեռնված և Իսրայել ուղևորվող ինքնաթիռներին անցնել Ֆրանսիայի օդային տարածքով։ «Ֆրանսիան չի աջակցել Իրանի դեմ գործողություններին, մենք դա միշտ կհիշենք», - եզրափակել է Թրամփը:
Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ինչ-որ պահի ավտոմատ կերպով կբացվի՝ հավելելով, որ չեն պատրաստվում երկար մնալ Իրանում, սակայն դեռ գործեր ունեն անելու՝ լիովին ոչնչացնելու Իսլամական Հանրապետության հարձակողական ներուժը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր հիմնական նպատակն է ապահովել, որ Իրանը միջուկային զենք չունենա: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ իրանական ուրանի պաշարները թաքնված են շատ խոր գետնի տակ, և դրանք բարդ է այնտեղից դուրս բերելը:
Այս ֆոնին հեռախոսով զրուցել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Կոշտան կոչ է արել թուլացնել լարվածությունը և հարգել միջազգային իրավունքը։ Նա նաև հորդորել է Իրանին դադարեցնել տարածաշրջանային ենթակառուցվածքներին հարվածները: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է Հորմուզի նեղուցով անխոչընդոտ նավագնացության կարևորությունը: Կոշտան հավատացրել է, որ Եվրամիությունը պատրաստ է նպաստել դիվանագիտական բոլոր ջանքերին։
Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։