Մեր երկրում դարձյալ ակտիվացել են առցանց հարթակում գործող ֆինանսական բուրգերը: Խնդիրն ուսումնասիրող տնտեսագետներն ու տեղեկատվական ոլորտի փորձագետներն արձանագրում են՝ դրանց թակարդն ընկնում և գումար են կորցնում հարյուրավոր մարդիկ:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Նման կառույցները խոստանում են բարձր եկամտաբերություն, որպեսզի ներգրավեն նոր անդամներ, և նոր անդամներն իրենց գիտությամբ կամ անգիտությամբ գումարներն ուղղում են նախորդ անդամների եկամուտների վճարմանը:
Նոր ստեղծված բուրգում գումար աշխատելու հավանականությունը մեծ է, նշում է Սամվել Մարտիրոսյանն ու հավելում՝ հենց դա էլ դառնում է համակարգի մեջ նոր մարդկանց ներգրավելու խայծը:
Սամվել Մարտիրոսյան (Տեղեկատվական անվտանգության մասնագետ) - Իրենք ռեալ գումար են ստանում ու հետո ուրիշներին ցույց են տալիս, ապացուցում են, որ հորինված բան չէ, իրական է և այլն, ու ավելի շատ մարդ է մտնում ու էդպես ալիքներով մարդիկ մտնում են, ու մեկ էլ մի օր կայքն անջատվում է ու վերջ: Փողերը վերցնում ու թռնում են:
Ֆինանսական բուրգի մեխանիզմը շատ նման է ցանցային մարքեթինգին: Այս հանգամանքը ևս մասնագետները գայթակղիչ են որակում: Չխաբվելու համար առաջարկում են լավ ուսումնասիրել ծառայություն առաջարկող հարթակը, ինչպես նաև խոստացվող եկամտի տոկոսի չափը:
Կարեն Սարգսյան - Հիմնական տարբերակիչ հատկությունը, որ ֆինանսական բուրգում դու չես տեսնում, թե քո իրական ակտիվը որտեղ է, այսինքն՝ փողը դու ներդնում ես, դրա հետագիծը դու չես վերահսկում, ապավինում ես հիմնադիրների բարի խոստումներին, որոնք շատ դեպքերում կարող է չիրականանան:
Սամվել Մարտիրոսյան - Առաջարկում են ինչ-որ ահռելի տոկոսներ: Այնտեղ սովորաբար ամսական մոտ 50-100% վերադարձ է լինում կամ օրական 1 տոկոս, ամեն դեպքում, գումարներ են, որոնք, եթե բանկ դնեք, հաստատ չեք ստանա այդքան, եթե բիզնեսի մեջ էլ դնեք, այդքան արագ չի լինի, եթե ինչ-որ քրեորեն պատժելի բիզնեսների մեջ չմտնեք:
Հայաստանում այժմ ակտիվ տարածում ունեցող երկու առցանց ֆինանսական բուրգ կա, սակայն գրեթե հնարավոր չէ պարզել, թե որտեղից են դրանք կառավարվում:
Սամվել Մարտիրոսյան - Իրենք քողարկված են, կրիպտոարժույթով էլ աշխատում են, դրա համար չի երևում՝ փոխանցումներն ուր են գնում:
Խաբեության զոհ չդառնալու և գումար չկորցնելու համար մասնագետները հասարակության մեդիա և ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն են տեսնում: Առաջարկում են նաև ամենապարզ ճանապարհը՝ հիշել՝ անվճար պանիր միայն թակարդում է լինում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան