Ոլորտում համաշխարհային առաջատարներից Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնը կաջակցի ՀՀ-ին՝ ժողովրդագրության ռազմավարության մշակման հարցում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնի հիմնադիր տնօրեն Վոլֆգանգ Լուցի հետ։
Կառույցը, որը ժողովրդագրության մեթոդների առաջխաղացման և մարդկային կապիտալի ու բնակչության դինամիկայի վերլուծության համաշխարհային առաջատարներից է, գործընկերների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում` ժողովրդագրության բարելավման, մարդկային կապիտալի զարգացման արդյունքների վերլուծության ոլորտներում:
Հաշվի առնելով այն, որ նախարարությունն այս պահին գտնվում է ռազմավարությունների մշակման գործնական փուլում, և աշխատանքներ են տարվում մասնավորապես՝ ժողովրդագրության ռազմավարության մշակման և իրավիճակի բարելավման ուղղությամբ, կողմերը քննարկել են լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։