67 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
1lurer.am-ի հետ զրույցում ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց, որ Սիմոնյանը մահացել է սրտի կաթվածից:
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին Գորիսում:
Նա հեղինակել է 85 գիտական աշխատանք, որոնցից 4-ը մենագրություն են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին, մասնավորապես՝ պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։
Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ:
1981-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող: 1986-2000 թվականներին եղել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ։ 2000-ին դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006-ի մայիսին ընտրվել, 2011-ի մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում: 2008-ի հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն էր:
2015-ի հունիսի 25-ին ընտրվել էր ԵՊՀ հիմնադրամի ռեկտորի պաշտոնում:
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:
Համաձայն ԵՊՀ ռեկտորի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով: