Արմինե Սաֆարյանն ու Աննա Ստեփանյանը նախորդ տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը և ամենաբարձր վարձատրվող ուսուցիչներից են: Գիտելիքի ստուգումը համարում են անհրաժեշտ և տեղին, շարունակական ինքնակրթությունը՝ պարտադիր: Մտածում են՝ այս անգամ էլ դիմել ատեստավորման՝ արդյունքները բարելավելու:
Արմինե Սաֆարյան (Երևանի համար 65 ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի) - Դա միայն մանկավարժության ոլորտին չի վերաբերում, վերաբերում է նաև ֆինանսավարկային, բանկային ոլորտին, որտեղ նույնպես քննություններ են տալիս: Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մանկավարժը իր վրա աշխատում է. դա այն ոլորտն է, որտեղ դու անընդհատ աճելու տեղ ունես, դու պետք է համընթաց զարգանաս քո աշակերտին: Մի ոտ առաջ լինես նրանից, որպեսզի այդ աշակերտը քեզ հավատա, քեզ լսի դասի ժամանակ:
Աննա Ստեփանյան (ՀՊՄՀ հենակետային վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի) - Մենք գործ ունենք մատաղ սերնդի հետ և ունենք բազմաթիվ օրինակներ, որ մեր մեծերը ինքնակրթությամբ հասել են շատ-շատ լավ արդյունքների: Ցանկացած բնագավառում աշխատող մարդ պետք է իր վրա աշխատի, և արդյունքը, կարծում եմ, անպայման ակնհայտ կլինի:
Հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև պատմություն և հասարակագիտություն դասավանդող մեր զրուցակից ուսուցիչների կարծիքները նախորդ՝ փորձնական ատեստավորման թեստերի վերաբերյալ տարբեր են: Մի դեպքում նշվում է, որ առաջադրանքները բավական խրթին էին, իսկ ժամանակը՝ սուղ: Մյուս դեպքում նման խնդիր չի եղել: Նկատում են՝ նախորդ տարի գործընթացի վերաբերյալ անորոշությունն ու ապատեղեկատվությունը շատ էին: Հիմա, երբ գործընկերների մասնակցության օրինակներն էլ աչքի առաջ են, ոլորտի պատասխանատուներն ակնկալում են, որ ավելի մեծ թվով ուսուցիչներ կմասնակցեն կամավոր ատեստավորմանը: Ի դեպ, մասնավորապես ավագ դպրոցի աշակերտները բավական տեղեկացված են գործընթացի մասին և կարևորում են, որ իրենց դասավանդող մանկավարժները մասնակցած լինեն դրան:
Աստղիկ Խալաթյան (Երևանի համար 65 ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող) - Ամեն դեպքում, ես կողմ եմ էդ ամեն ինչին, որովհետև էդ ամենով ստուգվում է ուսուցչի գիտելիքը: Եթե ուսուցիչը չի տիրապետում իր առարկային, հետևաբար չի կարող ուսուցանել այն երեխաներին, ու կարծում եմ` էս շատ լավ մեթոդ է բոլորին ստուգելու, ինչպես նաև իրենք էլ, բոլորն էլ սովորելու նոր բան ունեն, և բոլորն էլ արդեն ավելի կատարելագործված կկարողանան մեզ իրենց գիտելիքը փոխանցել:
Սիլվի Գևորգյան (ՀՊՄՀ հենակետային վարժարանի 11-րդ դասարանի սովորող) - Իհարկե կարևոր է, որովհետև դա իրենց համար նույնպես որոշակի փորձ, գիտելիքներ է փոխանցում: Բայց այնպես չէ, որ պարտադիր նախապայման է, որովհետև, ինչպես հասկացել ենք, շատ բարդ թեստեր են պատրաստում ուսուցիչների համար, և էնպես չէ, որ եթե դրանք չեն հաղթահարել, ուրեմն լավ մասնագետ չեն: Բայց, բնականաբար, ով հաղթահարում է, արդյունքն ավելի լավ է երևում:
Լյուդմիլա Ֆարմանյան (ՀՊՄՀ հենակետային վարժարանի 11-րդ դասարանի սովորող) - Քանի որ ընկեր Ստեփանյանը նաև մեր դասղեկն է, հետևաբար պարզ է, որ մենք գիտեինք, որ մասնակցելու է ատեստավորմանը, և նույնիսկ մասնակցելուց հետո եկավ, և քննարկում էինք իրար հետ սխալները, ու պարզ է, որ կուզենայինք՝ մեր դպրոցի բոլոր ուսուցիչները էն մակարդակի լինեին, որ կարողանային անցնել: Մեր դպրոցից մասնակցել են նաև մաթեմատիկայի ուսուցչուհիներ ընկեր Մկրտչյանը և ընկեր Գրիգորյանը, բարձր բալերով հաղթահարել են ատեստավորման թեստը:
Կամավոր ատեստավորման հայտերի ընդունումն սկսվել է մայիսի 16-ից, վերջնաժամկետը հունիսի 7-ն է: Կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: Նախորդ տարի գործընթացին մասնակցել էր մոտ հազար ուսուցիչ, դրական արդյունք ունեցել գրեթե կեսը:
Հեղինակ` Աննա Զախարյան