«ԱԶՈՎՍՏԱԼԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ
Ռուսաստանի Զինված ուժերը շարունակում է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի արգելափակումը՝ հայտնել է Կրեմլի խոսնակը, հավելել՝ խաղաղ բնակիչներին տարհանման համար գործում են հումանիտար միջանցքներ։
«Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն հրամայեց զերծ մնալ գործարանը գրոհելուց․ նոր հրամաններ նա չի տվել, գրոհը չեղարկելու և արդյունաբերական գոտին արգելափակելու վերաբերյալ նախնական որոշումները ուժի մեջ են»,- այսպես է Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ուկրաինական կողմի հայտարարություններն այն մասին, թե ռուսական զորքերը ներխուժել են գործարան, ինչից հետո ծանր մարտեր են սկսվել։
Նա անդրադարձել է նաև Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի կողմից Կիևին տրամադրվող հետախուզական տվյալներին։
«Այդ տեղեկատվությունը և արևմտյան զենքի մատակարարումները չեն նպաստում հատուկ գործողության շուտափույթ ավարտին․ դա նաև չի խանգարի Ռուսաստանին՝ իրագործելու իր նպատակները»,- զգուշացրել է Պեսկովը։
ԿԻԵՎ-ՄՈՍԿՎԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ ՉԿԱ
Ռուս-ուկրաինական բանակցությունները բարդ են ընթանում՝ հայտարարել է Պետդումայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին՝ վիրավորում ստացած զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք փորձում ենք անել հնարավորը ոչ միայն հատուկ ռազմական գործողության առաջխաղացման առումով։ Մեր ուկրաինացի գործընկերների հետ համաձայնության ենք գալիս, նրանք այնուհետև հետքայլ են անում»,- նշել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցություններում դրական դինամիկա չի նկատում։ Նա ընդգծել էր ուկրաինական կողմի ոչ հետևողական գործելաոճը։
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՒՄ
Մերձդնեստրի ԱԳ նախարար Վիտալի Իգնատևը հայտարարել է, որ չճանաչված հանրապետությունում պահպանվում է ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը։ Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունները «Մայակ» հեռուստառադիոկայանի ուղղությամբ վնասազերծել են անօդաչու թռչող սարք, որն ըստ նախարարի՝ արձակվել է Ուկրաինայի տարածքից։ «Սպառնալիքը նվազագույնի ենք հասցրել, սակայն ահաբեկչական գործողությունների վտանգը պահպանվում է․ պատրաստ ենք մոբիլիզացիայի»,- նշել է Իգնատևը։
Տեղական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Մերձդնեստրի իրավապահ մարմիններում իրենց աղբյուրները, հայտնել են, որ հանրապետության և Ուկրաինայի սահմանին կրակոցներ են լսվել։
ՍԵՐԲԻԱՆ ԿԱԽՄԱՆ ՄԵՋ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ
Բելգրադի և Մոսկվայի միջև գազի մատակարարման նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին։ Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահը։
«Ի՞նչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը, մենք երկու տարի հետո միայն հնարավորություն կունենանք ինչ-որ տեղից գազ ստանալու։ 100 տոկոսով կախված ենք Ռուսաստանից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նավթի ավելի քան 60%-ը Ռուսաստանից ենք ստացել, քանի որ այն էժան է»,- նշել է Ալեքսանդր Վուչիչը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ճնշում է գործադրում Բելգրադի վրա Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցով։
Նախօրեին Եվրահանձնաժողովն առաջարկել էր Եվրամիությանը հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթի շրջանակում աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից։ Մի շարք երկրներ դեմ են արտահայտվել ռուսական էներգակիրների էմբարգոյին։ Տարաձայնությունների պատճառով Միության երկրների մշտական ներկայացուցիչների բանակցությունները, ըստ նախնական պայմանավորվածության, կշարունակվեն այսօր։
ՄԱԿՐՈՆԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿԲԱՆԱԿՑԻ ՇՈԼՑԻ ՀԵՏ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսի 9-ին այցելել Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների համար՝ հայտնել են Ելիսեյան պալատից:
«Ֆրանսիայի նախագահը երդմնակալությունից հետո առաջին այցը կկատարի Բեռլին, ինչն ընդգծում է ֆրանս-գերմանական հարաբերությունների ամրությունը»,- տեղեկացրել են Մակրոնի վարչակազմից:
Նշվում է, որ նախագահն ու կանցլերը կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, «եվրոպական ինքնիշխանության մարտահրավերները», անվտանգության և էներգետիկ ոլորտների հետ կապված հարցեր: