ՏԱՐՀԱՆՈՒՄՆԵՐ ՄԱՐԻՈՒՊՈԼԻՑ
Կիևը վերականգնել է կապը Մարիուպոլի պաշտպանների հետ, սակայն ռուսական զորքերն արդեն «Ազովստալ» գործարանի տարածքում են՝ հայտնել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով գործարանը գրոհելու մասին ուկրաինական կողմի հայտարարություններն, նախօրեին հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը ոչ թե գրոհում են «Ազովստալ»-ը, այլ ճնշում զինյալների առաջխաղացման փորձերը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են գործարանի տարածքից քաղաքացիական անձանց տարհանման համար մայիսի 5-ին, 6-ին և 7-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 18:00-ն մարդասիրական միջանցքի բացման մասին։
«Այդ ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերը և Դոնեցկի ստորաբաժանումները կդադարեցնեն ռազմական գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի, Կարմիր խաչի, ռուսական և ուկրաինական կողմերի ջանքերով «Ազովստալից» արդեն տարհանվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատերազմի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի խնդիրն է երկրի տարածքից դուրս մղել ռուսական կողմին և միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ դիվանագիտության ճանապարհով։
Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Կիևը ակնկալում է արևմտյան գործընկերների ռազմական աջակցունը։
«Վստահ ենք, որ հաղթելու ենք, մենք չենք նահանջում»,- ընդգծել է նախագահը։
Ուկրաինայի Գերագույն ռադան ընդլայնել է տարածքային պաշտպանության կազմավորումների հնարավորությունները։ Ընդունվել է օրենք, որի համաձայն՝ այդ ուժերն իրավունք են ստանում առաջադրանքներ կատարելու ռազմական գործողության գոտիներում։
Նախկինում Ուկրաինայի տարածքային պաշտպանության կազմավորումները կարող էին խնդիրներ իրականացնել միայն այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ չէին ընթանում։
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՈՒԶՈՒՄ. ՍԱԿԻ
Սպիտակ տունը կանի ամեն ինչ՝ ամրապնդելու Ուկրաինայի ռազմական ներուժը և երկրի դիրքերը բանակցություններում, դա է Վաշինգտոնի դերը՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։
«ԱՄՆ-ը ցանկանում է Կիևի հաղթանակը: Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- համոզմունք է հայտնել Ջեն Սակին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններն արդեն ձախողել են Ուկրաինայի հետ կապված իրենց բոլոր նպատակները և պարտվել պատերազմում։
ԱՄՆ-Ը ԽԹԱՆՈՒՄ Է ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ՌԴ-ԻՑ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է փոփոխություններ կատարել «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքում», որպեսզի բարձրագույն կրթություն ունեցող ռուսաստանցիների համար դյուրացվի ԱՄՆ-ում աշխատանքային վիզա ստանալը, հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ Սպիտակ տունն, այդպիսով, հուսով է խթանել «ուղեղների արտահոսքը» Ռուսաստանից Միացյալ Նահանգներ՝ թուլացնելով նրա զարգացման ներուժը:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՏԵՍԱԿԱՊՈՎ
Ժամանակն է, որ Կիևը և մյուս երկրները ճանաչեն Ուկրաինայում ստեղծված տարածքային իրողությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Այս իրողությունները Կիևի՝ 2014 թվականին իշխանության եկած ղեկավարության քաղաքականության հետևանքն են: Ղրիմը վերադարձավ Ռուսաստանի կազմ, Դոնեցկը և Լուգանսկը դարձան անկախ պետություններ։ Կարկավոր է հարգել ժողովուրդների օրինական ընտրությունը»,- պարզաբանել է Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան պարբերաբար հրավիրել է արևմտյան երկրների ուշադրությունը Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում ստեղծված իրավիճակին, ռուսախոս բնակչության իրավունքների ոտնահարմանը։ «Ներուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն կար։ Սակայն Կիևը հրաժարվեց գնալ այդ ճանապարհով, իսկ Արևմուտքի երկրները ոչինչ չարեցին դա կանխելու համար»,- հավելել է Զախարովան։
Պաշտոնյան հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով։
«Ցավոք, ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը չափազանց անկայուն է, բանակցային գործընթացն ուղեկցվում է Կիևի ու Արևմուտքի ագրեսիվ հռետորաբանությամբ, սպառազինության մատակարարումներով․ դա չի նպաստում պայմանավորվածություններ ձեռք բերելուն»,- հայտարարել է Զախարովան:
ԵՄ-Ն ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով հայտնել է իր աջակցությունը Եվրամիության երկրներում բարեփոխումներ իրականացնելուն, այդ թվում՝ կառույցի հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելով։
Փաստաթուղթն ընդունվել է եվրոպական երկրների բնակչության տարբեր խմբերի հետ մեկ տարվա ընթացքում անցկացված խորհրդակցությունների արդյունքում:
«Խորհրդարանն ընդունում է, որ ԵՄ-ի ներսում հարկավոր է ապահովել ավելի մեծ թափանցիկություն, պատասխանատվություն ու ժողովրդավարություն»,- ասված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ:
Մոտ ժամանակում Կառույցը պետք է կոնկրետ առաջարկներ ձևակերպի ու ներկայացնի դրանք Եվրամիության խորհրդի քննարկմանը։