ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Տեղի է ունեցել Գերմանիայի և Ուկրաինայի նախագահներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։
«Ղեկավարները զրույցը շատ կարևոր են անվանել: Անցյալում տեղի ունեցած թյուրըմբռնումները հարթվել են: Երկու նախագահները համաձայնել են սերտ կապի մեջ մնալ»,- ասված է Գերմանիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը Շտայնտմայերին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հրավիրել է Կիև։
Ավելի վաղ Զելենսկին հրաժարվել էր Կիևում ընդունել Շտայնմայերին՝ պատճառաբանելով դա վերջինիս ռուսամետ դիրքորոշմամբ։
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼ ԿԻԵՎԻՆ
ԵՄ երկրները կարող են կառավարել Ուկրաինայի տուժած տարածքների վերականգնման գործընթացը, առաջարկել է Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Վարշավայում Ուկրաինային նվիրված դոնորների համաժողովին։ Նա նաև հիշեցրել է, որ Կիևը ակնկալում է մոտ ապագայում դառնալ ԵՄ անդամ։
Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին հայտնել է, որ Եվրամիությունը լրացուցիչ 200 մլն եվրոյի հումանիտար օգնություն կհատկացնի Կիևին։
«Մենք Ուկրաինայի ժողովրդին ասում ենք՝ ձեր պայքարը մեր պայքարն է», - հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ 2022 թվականին Փարիզի կողմից Կիևին տրամադրվող աջակցությունը կհասնի 2 միլիարդի։
Եվրոպացի գործընկերների նախաձեռնությանն է միացել նաև Չեխիան։ Երկիրը 18 միլիոն եվրոյի հումանիտար աջակցություն կհատկացնի Ուկրաինային։
Համաժողովի շրջանակում Ուկրաինայի համար, ընդհանուր առմամբ, հաջողվել է հավաքել շուրջ 6,5 միլիարդ դոլար։
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն ուկրաինական կողմի հետ այդ հարցը քննարկելուց հետո։
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան ստիպված կլինի համաձայնության գալ Ուկրաինայի հետ։ Նա, այնուհանդերձ, կարծիք է հայտնել, թե Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրում մոտ ապագայում չի սպասվում։
«Մենք այժմ վտանգավոր իրավիճակում ենք։ Բոլորն աջակցում են Ուկրաինային և միևնույն ժամանակ չեն ցանկանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատում թույլ տալ»,- նշել է կանցլերը։
Շոլցը վստահեցրել է՝ Բեռլինը կանի հնարավորը միջուկային պատերազմից խուսափելու համար։
«Այս դիրքորոշումը կիսում են բոլորը՝ ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում»,- պնդել է պաշտոնյան։
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՐՑՆ Է
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել բանաձև, որով կոչ է արվում Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրել։
Փաստաթղթում նշվում է, որ Մոլդովան տուժել է Ուկրաինայում հակամարտությունից. ավելի քան 450 000 ուկրաինացի փախստականներ են ժամանել հանրապետություն, որոնցից մոտ 100 000-ը մնացել է Մոլդովայում։
ՌԴ ԳԱԶԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԵՄ-Ն ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման հարցն այս պահին Եվրամիությունում չի քննարկվում, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Նավթաքիմիական արդյունաբերության մեջ գազը չի կարող փոխարինվել որևէ այլ բանով», - ընդգծել է նա։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 6-րդ փաթեթի շրջանակներում Եվրամիությանը կառաջարկվի աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից:
ՔԻՇՆԵՎԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՆԵԼ ԿԻԵՎԻՆ
Քիշնևը չի կարող ռազմական աջակցություն տրամադրել Կիևին, հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։
Վերջինիս խոսքով՝ Մոլդովայի չեզոք կարգավիճակը թույլ չի տալիս ռազմատեխնիկա ուղարկել այլ երկրներ։
Ավելի վաղ Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը խնդրել էր Կիև ժամանած Իգոր Գրոսուին դիտարկել Ուկրաինային վեց MIG-29 ինքնաթիռներ տրամադրելու հնարավորությունը։
ՌԴ ԶԻՆՈՒԺՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «ԱԶՈՎՍՏԱԼԸ»
Ռուսաստանի Զինված ուժերը շարունակում է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի արգելափակումը, հայտնել է Կրեմլի խոսնակը, հավելել՝ խաղաղ բնակիչների տարհանման համար գործում են հումանիտար միջանցքներ։
«Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն հրամայեց զերծ մնալ գործարանը գրոհելուց․ նոր հրամաններ նա չի տվել», - այսպես է Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ուկրաինական կողմի հայտարարություններն այն մասին, թե ռուսական զորքերը ներխուժել են գործարան, ինչից հետո ծանր մարտեր են սկսվել։
Նա անդրադարձել է Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի կողմից Կիևին տրամադրվող հետախուզական տվյալներին։
«Այդ տեղեկատվությունը և արևմտյան զենքի մատակարարումները չեն նպաստում հատուկ գործողության շուտափույթ ավարտին․ դա նաև չի խանգարի Ռուսաստանին իրագործել իր նպատակները», - զգուշացրել է Պեսկովը։
Ռուսական կողմը հայտնում է նաև՝ Կիևի հետ բանակցությունները բարդ են ընթանում, ուկրաինական կողմը հաճախ հետ է կանգնում նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից։