Հայաստանի մեդիաոլորտի զարգացման քաղաքականության արդիականացումն ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրական բարեփոխումներն Ազգային ժողով, կառավարություն և քաղաքացիական հասարակություն քննարկման արդյունքում կմշակվեն:
Կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեդիաօրենսդրության ոլորտում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում՝ նկատելով՝ «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքներն ընդունվել են դեռևս 2003 թվականին, որից հետո տեխնոլոգիաները զարգացել են՝ ստեղծելով նոր իրողություններ։ Իշխանությունը նախ պետք է մեդիաոլորտը կարգավորող քաղաքականություն մշակի, հետո միայն օրենքներ ընդունի՝ վստահ է Մելիքյանը:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Մենք համարում ենք, որ այդ փոփոխությունները, որոնք մենք տեսնում ենք վերջին շրջանում, կարկատանի տպավորություն են թողնում, հատվածական ու այսրոպեական լուծում են նախատեսում:
Խորհրդարանի ներկայացուցիչը համակարծիք է՝ մեդիաօրենսդրությունն արմատական փոփոխության պետք է ենթարկվի: Ոլորտային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ եթե այս ընթացքում քննարկված առաջարկների կեսն էլ ԱԺ-ն հաստատի, գործակցությունը կարելի է հաջողված համարել:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Եթե օրենսդիրը, գործադիրը, քաղհասարակությունը տեսնում են միևնույն խնդիրը, ավելի նպատակահարմար կլինի այդ խնդրի լուծմանը գնալ միասնական ջանքերով, որքան դա հնարավոր կլինի:
Նախկին լրագրողի կարծիքով՝ վերջին տարիներին միջազգային հանրության տված դրական գնահատականը Հայաստանի մեդիաոլորտին պիտի կախված չլինի անձերից կամ որևէ իշխանությունից, այլ դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, ինչին էլ միտված է այս նախաձեռնությունը։ Կողմերը նկատեցին, որ շատ հարցերում համակարծիք չեն, լուրջ բանավեճեր են լինում: Քաղհասարակության ներկայացուցիչներն էլ բազմաթիվ հարցերում տարբեր մոտեցումներ ունեն, բայց փորձում են երկխոսել:
Նունե Սարգսյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն) - Մի փաստաթուղթ, որը մինչ օրենսդրական փոփոխություններ անելը մատնանշի և փորձի օգնել հասկանալու այն միտումները, որը մենք ուզում ենք տեսնել լրագրողական դաշտում, որը մենք ուզում ենք տեսնել Հայաստանի մեդիաինդուստրիայի զարգացման ուղում:
Քաղհասարակությունից գործադիր տեղափոխված արդարադատության փոխնախարարը ժողովրդավարության հիմքը համարում է բանավեճերն ու առողջ քննադատությունը:
Երանուհի Թումանյանց (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Այո՛, քաղհասարակությունը պետք է քննադատի, այո՛, Կառավարությունը կամ ԱԺ-ն պետք է ասեն, որ պետք է գտնել բալանսավորում, և կան այս կամ այն հարցերը: Սա նորմալ պրոցես է, ու ես կարծում եմ, որ մենք շատ առողջ մթնոլորտում ենք գտնվում, հասել ենք մի իրավիճակի, որ պետական մարմիններն իրար հետ համակարծիք չեն, բայց քաղհասարակության ներկայացուցիչները համակարծիք են պետական մարմնի մի հատվածի հետ:
Հուշագիրը բարեխղճության ու բարոյական պարտավորության հիմքով է, իրավական ուժ չունի, բայց կողմերը վստահեցրին՝ հնարավորը կանեն, որ Հայաստանում տեղեկատվական դաշտն առողջանա:
Հեղինակ՝ Անի Օհանյան