Ծրագրավորման թիմերը պատրաստվում են ապրիլի 13-ին կայանալիք ուսանողական միջազգային մրցույթին: Առայժմ պարզ խնդիրներ լուծելով համակարգն են փորձարկում, որ վաղն անխոչընդոտ պայքարեն՝ ICPC /ԱյՍիՓիՍի/ մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլ դուրս գալու համար:
ICPC /ԱյՍիՓիՍի/ ծրագրավորման աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր մրցույթներից է, որն այս տարի կանցկացվի միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ: Մրցույթին մասնակցում են հազարավոր համալսարաններ ու տասնյակ հազարավոր ուսանողներ աշխարհի բոլոր մայրցամաքներից:
Հայաստանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և «ՔոդՍիգնալ» ընկերությունը:
Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Հաջորդ տարի՝ 2023 թվականին, Եգիպտոսում տեղի է ունենալու եզրափակիչ փուլը, որտեղ վիճարկվելու են չորս ոսկե, չորս արծաթյա, չորս բրոնզե մեդալներ: Մեր լավագույն արդյունքը եղել է եզրափակիչ փուլ մտնելը, բայց մենք հույս ունենք և վստահ ենք, որ եկող տարի հայաստանյան թիմերը որևէ մեդալ շահելու են, և մենք հպարտանալու ենք նրանցով:
Ալբերտ Սահակյան («ՔոդՍիգնալ» ընկերության ներկայացուցիչ) - Ինձ համար այս միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ես եղել եմ ուսանողական ժամանակներում շատ ակտիվ մասնակից ICPC մրցույթի, հետո մարզել եմ համալսարանական թիմերի, իսկ այսօր մասնակցում եմ որպես կազմակերպիչ: Այս տարի յուրահատուկ է նրանով որ ունենք մեկից ավելի ֆավորիտ թիմեր, որ հավակնում են եզրափակիչ դուրս գալու, որը նախկինում չի եղել:
Ծրագրավորման այս մրցույթի հայաստանյան տարածաշրջանային տնօրենը 2001 թվականից Վահրամ Դումանյանն է, որ այժմ ԿԳՄՍ նախարարն է: Նույն 2001-ից էլ մեր երկիրը մասնակցում է ծրագրավորման այս մրցույթին, որը ալգորիթմական բարդագույն լուծումներ պահանջող խնդիրներ է առաջադրում:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Առաջին հաջողությունը սահմանափակվում էր նրանով, որ երբ մենք երկու կամ, էլ չեմ ասում, երեք խնդիր լուծեինք 10-ից կամ 12-ից, դա համարվում էր լուրջ հաջողություն: Բայց այսօր մենք ունենք արձանագրած փաստեր, որոնք շատ բացառիկ են:
ԱյՍիՓիՍի մրցույթը երրորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում:
Մրցույթն անցկացնելու են Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը: Կորոտկևիչը աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականն է: ԱյՍիՓիՍի մրցույթի կրկնակի չեմպիոն:
Գենադի Կորոտկևիչ (ICPS (ԱյՍիՓիՍի) կրկնակի չեմպիոն) - Շնորհավորում եմ այս մրցույթի մասնակիցներին: եթե այստեղ եք, նշանակում է` դա ձեզ հետաքրքիր է: Եվ նույնիսկ եթե բարդ լինի, կարևոր է բավականություն ստանալ: Մաղթում եմ, որ չհանձնվեք և պայքարեք մինչև վերջ:
Ծրագրավորման այս մրցույթին նախկինում Հայաստանից մասնակցում էր երեք բուհ՝ ԵՊՀ, Հայ-ռուսական և Ամերիկյան համալսարանները: Այս տարի ներկայացել են նաև Պոլիտեխնիկական, Ճարտարապետության և շինարարության, Մանկավարժական, Գորիսի պետական, նաև Եվրոպական համալսարանները:
Արմեն Անդրեասյան (ԵՊՀ ծրագրավորման օլիմպիական թիմերի մարզիչ) - Ընդհանրապես օլիմպիադաները աշխարհում շատ մեծ հետաքրքրություն ունեն, հետևում են ՏՏ ոլորտի կազմակերպությունները օլիմպիադաների արդյունքներին ու նույնիսկ կարող եմ էսպես ասել, որ լավ օլիմպիականների համար որս կա:
Նախարար Դումանյանն այսօր պարգևատրեց նախորդ տարիներին մասնակցած թիմերի մարզիչներ Արմեն Անդրեասյանին, Տիգրան Փիլիպոսյանին և Սուրեն Խաչատրյանին:
Հեղինակ` Աննա Զախարյան