ԳԱԱ նախագահության այսօրվա նիստում միանգամից երկու ինստիտուտի տնօրեն ընտրվեց: Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի թեկնածուն մեկն էր: Գործընթացն էլ անցավ համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտում: Նախագահության նիստին մասնակցում էին 15 անդամից 14-ը: Ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալվարդ Անտոնյանն ընտրվեց միաձայն:
Այլ էր պատկերը փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի դեպքում: Բավական բուռն էին թե՛ ընտրության, թե՛ դրան նախորդած փուլերը: Տնօրենի պաշտոնակատար և նույն պաշտոնի հավակնորդ Անահիտ Ջիջյանը աշխատակազմի առաջադրած թեկնածուն էր: Նրա կողմնակիցները ղեկավարությանը մեղադրում էին ամեն կերպ, նույնիսկ՝ օրակարգ խախտելու ճանապարհով այլ թեկնածու հակադրելու փորձերի համար: Ղեկավարությունն էլ իր հերթին էր մեղադրանքներ ուղղում Անահիտ Ջիջյանին, նրան վերագրում տարբեր խախտումներ, նշում, որ աշխատանքի է ընդունել գիտաշխատողների, որոնք ատեստավորված չեն եղել:
Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոն էլ առաջադրել էր տնօրենի իր թեկնածուին՝ Էմիլ Օրդուխանյանին: Ակադեմիայի նախագահությունն այսօրվա ընտրության ժամանակ նախապատվությունը հենց նրան տվեց: Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը ստացավ 9 կողմ ձայն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ջիջյանը՝ երեք:
ԱՆԱՀԻՏ ՋԻՋՅԱՆ (փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ) - Այդ ընտրությունը փակ էր, գաղտնի էր, հետևաբար մենք որևէ իրավունք չունենք ասելու, որ ինչ-որ մի խախտում եղել է, այլ հարց, որ երբ ներկայացնում են, կարելի է այնպես ներկայացնել, որ մարդիկ է ընդունել: Բայց գիտնականներ է ընդունել, փողոցից մարդ չի ընդունել, չի ընդունել հավաքարար, չի ընդունել էլեկտրիկ, լաբորանտ, հիմնականում մեր հայցորդներն են:
Ակադեմիայի նախագահության նիստում կարևորվեց, որ նոր տնօրենի օրոք ինստիտուտում համերաշխությունը չխաթարվի, որքան էլ շատերը դեմ են եղել Օրդուխանյանի թեկնածությանը:
ԷՄԻԼ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ (քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ) - Ես պատրաստ եմ և նաև կխրախուսեմ մեր բոլոր գիտաշխատողներին ներդաշնակ և կառուցողական դաշտում աշխատանքը, որովհետև մեզ բոլորիս միավորում է մեկ նպատակ (ես այդպես եմ կարծում)՝ մեր ինստիտուտի գիտական արդյունքի բարձրացումը:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը խոսեց այս ինստիտուտներում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին: Օրինակ՝ կենսաքիմիայի և մոլեկուլային ինստիտուտի հենքի վրա նախատեսվում է ստեղծել գերազանցության կենտրոն: Աշխատակազմը դա դրական է գնահատել: Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտն էլ նախատեսվում է ներառել մեկ այլ կենտրոնի մեջ:
ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ (ՀՀ ԳԱԱ նախագահ) - Հայագիտության բաժանմունքում ունենք 10 ինստիտուտ, այդ 10 ինստիտուտների հենքի վրա ստեղծելու ենք 6 կենտրոն: Այսինքն՝ այնտեղ էլ կենտրոն ստեղծվելու մոդելը կա, մենք նախագահության ղեկավար կազմի հետ քննարկել ենք, բայց դեռևս կոլեկտիվի հետ քննարկում չի եղել:
Սաղյանը նկատեց, որ Օրդուխանյանի ծրագրում այդ մոտեցմանը համահունչ դրույթներ կային: Բացի այդ, ըստ նրա, ընտրված թեկնածուի ծրագիրն ավելի ժամանակակից էր ու դեպի ապագա տանող:
Հեղինակ՝ Աննա Զախարյան