Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ և վստահելի հարաբերությունները՝ դրանք համարելով Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնման առանցքային բաղադրիչ: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, որին մասնակցել են նաև Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանն ու Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է երկու երկրների՝ քաղաքական երկխոսության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով փոխայցելությունների անհրաժեշտությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Երևանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության հիմնումը կարևոր դերակատարում կունենա համապարփակ գործակցության հետագա ընդլայնման գործում:
Ազգային ժողովի նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն առանձնակի կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը և Էստոնիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Ըստ Հակոբ Արշակյանի՝ այն զգալի ներուժ ունի, և երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերն իրենց աշխատանքով կշարունակեն հետևողականորեն ամրապնդել երկկողմ կապերը՝ հիմնված բարեկամության ու փոխադարձ հարգանքի երկարամյա ավանդույթների վրա:
ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Էստոնիայի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:
Էստոնիայի Հանրապետության Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության ղեկավար Անդո Կիվիբերգը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հայաստանին աջակցելու Էստոնիայի հանձնառությունը:
Հակոբ Արշակյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: