ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ապրիլի 27-ին հանդիպել են «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III» ծրագրի ղեկավար (GIZ Project Manager) Սանդրա Ֆուրի, ծրագրի բաղադրիչի համաղեկավար Նատալիա Գնիդյուկի և GIZ Խորհրդարանական համագործակցության տարածաշրջանային պատասխանատու Արևելյան գործընկերության համար Հրաչիկ Յարմալոյանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Առաքելյանը նշել է, որ ԱԺ աշխատակազմը հատկապես վերջին տարիներին ակտիվորեն համագործակցում է միջազգային տարբեր կառույցների հետ՝ զարգացնելով իր կարողությունները և ընդլայնելով մասնագիտական կապերը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ GIZ-ի և ԱԺ աշխատակազմի միջև ձևավորվել է ուղիղ և արդյունավետ համագործակցություն, որը կրում է շարունակական ու զարգացող բնույթ»,- ասել է Դավիթ Առաքելյանը՝ անդրադառնալով կառույցի հետ համագործակցության մի քանի կարևոր ուղղությունների, որոնք նրա գնահատմամբ էական դերակատարություն են ունեցել փորձի փոխանակման և մասնագիտական կապերի ամրապնդման գործում:
Դավիթ Առաքելյանը, մասնավորապես, արժևորել է կանանց առաջնորդության և հզորացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում GIZ-ի համագործակցությամբ ընթացող արդյունավետ փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև առաջիկայում մեկնարկելիք «Խորհրդարան բոլորի համար» տարածաշրջանային համաժողովին, ինչը, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, կարևոր հարթակ է փորձի և գիտելիքի փոխանակման առումով:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաև «Ամառային դպրոց», «Երիտասարդ խորհրդարան», «Կամրջելով դպրոցն ու Ազգային ժողովը. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը և գործառույթները հանրային կառավարման համակարգում» ծրագրերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: