2017 թվականի համեմատությամբ 2025 թվականին արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումն ավելացրել ենք շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով: Գիտության ոլորտում նաև աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել՝ ընդհուպ 300 տոկոսով և ավելի: Այդ մասին ԳԱԱ-ում գիտական հանրության հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ քննարկման ընթացքում զարմանալի նորություններ իմացավ, որոնք, կարծում է, իրենց ազդեցությունը կունենան քաղաքականությունների մշակման գործում: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի ելույթին: ԳԱԱ ղեկավարը հիշել էր, որ հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ գիտության ոլորտի որոշ ուղղություններով չդառնալ առաջամարտիկ: Ըստ ԳԱԱ նախագահի՝ դրա համար նախ պետք է առաջադեմ նյութատեխնիկական սարքավորումների բազա, ապա նաև՝ ցանկություն ու բարձր մասնագիտական կարողություններ:
«Առաջինն ապահովագրված է Կառավարության կողմից, իսկ երկրորդ պայմանը՝ մեզանում: Կկարողանա՞նք կատարել, կկատարենք, եթե բարձր պատասխանատվությամբ մոտենանք հարցին՝ բացառելով գլուխ գովելու սինդրոմը, որը բավականին խորն է ներդրված մեր ազգի և մեր հայ գիտնականների մեջ»,- ասել էր ԳԱԱ նախագահը նախորդիվ ունեցած իր ելույթի ժամանակ:
Փաշինյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ ԳԱԱ նախագահի այս հայտարարությանը. «Երբ խոսում էիք մեր գլուխ գովելու մոտեցման և որակավորման հետ կապված պրոբլեմների մասին, ես մտածում եմ (գուցե սխալվում եմ)՝ գոնե ես ԳԱԱ շենքում առաջին անգամ եմ նման ձևակերպումներով ելույթ լսում: Եվ սա շատ կարևոր փոփոխություն է, որովհետև առաջինը մեր մտածողությունը և լեզվամտածողությունը պետք է փոխվեն:
Այս առումով պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ ասվում է՝ Կառավարությունը աջակցում է գիտությանը, որովհետև այստեղ մի տեսակ տարածություն, դիստանցիա է ստեղծվում Կառավարության և գիտության միջև: Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության աջակցումը մեր քաղաքականությունն է: Այսինքն՝ մենք չենք տեսնում, որ կա պետություն, Կառավարություն այստեղ, և ինչ-որ մի հեռավարության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք: Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, և դա ունի շատ կոնկրետ և շոշափելի պատճառ: Մենք չենք պատկերացնում պետության զարգացում՝ առանց գիտության զարգացման: Մյուս կողմից՝ մենք չենք պատկերացնում գիտության զարգացում՝ առանց կրթության զարգացման»:
Ըստ Փաշինյանի՝ պետության զարգացում ասելով՝ առաջին հերթին պետք է նկատի ունենալ տնտեսության զարգացում: Վարչապետը նաև կարծում է՝ գիտությունը տնտեսություն է, որովհետև գիտության կառավարումը, գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը, ինչպես նաև գիտությունը որպես տնտեսություն ընկալելը շատ կարևոր գործիք են, որոնք լուծում են բազմաթիվ խնդիրներ:
«Մենք խոսում ենք պետության զարգացման մասին, որովհետև գիտության զարգացումն ինձ համար և մեր Կառավարության համար առանձին վերցրած ոլորտ չէ, և կներեք, հազար ներողությո՛ւն, գիտության զարգացումն ինքնին առանձին վերցրած իմաստ չունի: Այսինքն՝ գիտությունը զարգանա, որ ի՞նչ, որովհետև գիտության զարգացումը մեզ համար պետության զարգացում է»,- ասաց Փաշինյանը: