ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ԱՄՆ-ի և Իրանի միջև նախօրեին ձեռք բերված համաձայնագիրն անվանել է «հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ»։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը ողջունել է հայտարարությունը, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի շուրջ, կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և աշխատել դրա իրականացման ուղղությամբ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության բանակցությունների հաջողության մասին հաղորդագրություններից հետո եվրոպացի առաջնորդները հույս են հայտնել հակամարտության արագ ավարտի վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը պետք է ապահովի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը: Նավարկության ազատությունը պետք է վերականգնվի առանց մաքսատուրքերի:
«Սա բացում է դուռը Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության վերաբերյալ ավելի լայն բանակցությունների համար»,- հավելել է Ֆոն դեր Լայենը:
Հայտարարված համաձայնագիրը «պոտենցիալ առաջընթաց» է պատերազմում, և ԵՄ-ն այժմ կգնահատի, թե ինչպես կարող է ներգրավվել հաջորդ փուլում, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
Ավելի վաղ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ողջունել էին Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարները։ Նրանք դա «չափազանց կարևոր քայլ են համարել պատերազմը դադարեցնելու, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու և Հորմուզի նեղուցը բացելու գործում»։ «Այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում վերականգնելու տարածաշրջանը և համաշխարհային տնտեսությունը»,- ասվում է հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Եվրոպան չի անտեսել նաև Լիբանանը: Մերձավոր Արևելքում խաղաղությունը անհնար է, «քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է»: «Եվրոպան վերահաստատում է իր կոչը բոլոր կողմերին՝ հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ապահովել իրական հրադադար»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն էլ հույս է հայտնել, որ համաձայնագիրը կթեթևացնի Լիբանանի ժողովրդի վիճակը, և կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու իսրայելական զորքերը դուրս բերել լիբանանյան տարածքից։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը ողջունել է Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը՝ հույս հայտնելով, որ այդ քայլը կհանգեցնի չլուծված հարցերի վերաբերյալ մշտական համաձայնագրի։
ԱՄՆ-Իրան համաձայնությանը դրական են արձագանքել նաև տարածաշրջանի մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, Իրաքը, Լիբանանը։ Միայն Իսրայելի կառավարությունն է դատապարտել է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-Իրան գործարքը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը հայտարարել է, որ իր երկիրը կապված չէ այդ համաձայնագրով։