Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին, հայտնում են նախարարությունից։
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի և մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ:
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ առկա փոխվստահությունն ու համագործակցության փորձը նպաստավոր հիմք են ստեղծում ոլորտային կապերի խորացման և նոր նախաձեռնությունների իրականացման համար։ Ներկայացնելով ոլորտային բարեփոխումները՝ նախարարը շեշտել է, որ ՀՀ աշխատաշուկան աստիճանաբար անցում է կատարում զարգացման մի նոր փուլ, որտեղ երկիրը աշխատուժ արտահանողից վերածվում է նաև աշխատուժ ընդունող պետության։
Այս համատեքստում Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի կայուն աճ, ինչը նպաստում է զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալ-տնտեսական ակտիվության խթանմանը և միաժամանակ նոր հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա մասնագետների ներգրավման համար։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել գործնական քայլեր՝ քննարկված ուղղություններով առաջընթաց ապահովելու համար։