ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Էդուարդ Աղաջանյանը և Մարիա Կարապետյանն ապրիլի 28-ին հանդիպել են Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արուսյակ Ջուլհակյանն արժևորել է Էստոնիա-Հայաստան համագործակցությունը, խորհրդարանական կապերը՝ դրանց խորացման հարցում կարևորելով բարեկամական խմբերի դերակատարությունն ու արդյունավետ աշխատանքը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործակցության ընդլայնմանը՝ ԱԺ պատգամավորները մանրամասներ են հայտնել եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ իրականացվող գործընթացի վերաբերյալ:
Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամները հյուրերին ներկայացրել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի մանրամասները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամը նշել է, որ երկկողմ հարաբերությունները ջերմ են ու բարեկամական: Անդո Կիվիբերգը կարևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում և խաղաղության գործընթացում ձեռքբերումները: Ողջունելով հայկական կողմի եվրոպական ձգտումները՝ հյուրը նշել է, որ Էստոնիան պատրաստ է այդ գործընթացում աջակցել Հայաստանին՝ ներկայացնելու եվրաինտեգրման գործում իր երկրի փորձն ու անցած ճանապարհը:
Անդրադարձ է կատարվել հունիսին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: