26 տարեկան Նարեկը` Շիրակի մարզի Հոռոմ գյուղից, ուսումն ավարտելուց հետո զբաղվել է գյուղատնտեսությամբ, հետո՝ արտագնա աշխատանքի:
Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կազմակերպված եռամսյա հավաքը փոխեց նրա որոշումները, նա որոշեց շարունակել բանակում ծառայել որպես պայմանագրային:
30 տարեկան հայկական բանակում դա առաջին անգամ կազմակերպված եռամսյա հավաքն էր: Մինչ այդ 2011թ-ից կազմակերպվել են միայն 7-օրյա և 10-օրյա հավաքներ, որոնք, սակայն, այլ նշանակություն ունեն:
Ալբերտ Բաղդասարյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր) - 10-oրյա և 7-օրյա հավաքները վերապատրաստման համար է, հմտություններին և գործառույթներին տիրապետելու համար, մասնագիտանալու ուղղվածություն ունեն, իսկ եռամսյակայինի դեպքում կոնկրետ զինվորական ծառայության մեջ են ընդգրվելու:
Եռամսյա հավաք առաջին անգամ անցկացվեց 2021թ-ի օգոստոսին. այսուհետ այն շարունակական է լինելու, նշում է գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը:
Եռամսյա հավաքները պլանավորված են ապրիլի 1-ից, մինչև հունիսի 30-ը: 2022թ-ին պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ իրականացվելու են նաև օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը:
Զուգահեռ տարբեր մասնագիտություններով նաև վերապատրաստման 7օրյա և 10օրյա հավաքներ էլ են անցկացվելու՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ը և սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:
Գեներալ մայորը կարծում է՝ այս հերթական երկրորդ հավաքին պատրաստակամությունը ավելի բարձր էր, քան առաջինի ժամանակ:
Այդ երեք ամսում պահեստազորայինները իրականացնում են զինվորական ծառայություն՝ փորձի ձեռքբերումից մինչև մարտական հերթապահություն: Նրանք կօգտվեն զինծառայողի կարգավիճակից, ստանալու են դրամական ապահովում: «Իսկ արդյոք կպահպանվեն աշխատատեղերը» հարցին Բաղդասարյանը նշում է՝ օրենքի պահանջն այդպիսին է:
Ալբերտ Բաղդասարյան - Օրենքով սահմանված է կարգը, աշխատատեղերը պահպանվում են, աշխատավարձի կամ դրամական ապահովման առումով վարձատրվում են ՊՆ-ի կողմից, բյուջեով կա հատկացված:
ՊՆ ամբողջությամբ վճարում է փաստացի ծառայած օրերի դիմաց: Որպեսզի նաև գործատուն վճարի, կարգավորումներ դեռ չկան, բայց հարցը օրակարգային է, ուսումնասիրություններ են տարվում:
Գեներալ -մայոր Բաղդասարյանը նշում է՝ բանկի աշխատաող, թե գյուղատնտես, վարժանքներին աչքի ընկնող պահեստազորայինները քիչ չեն եղել, ստացել են շնորհակալագրեր: Մի մասը Նարեկի նման որոշել են շարունակել ծառայությունը:
Մայոր Հայկ Պետրոսյանի համար այսօր ծառայության առաջին օրն է: Նա մասնակցել է առաջին պատերազմին, 16 տարի ծառայել հայոց բանակում, հիմա նորից վերադարձել է: Գիտի` դժվար է, ամեն օր տանը սպասում են դպրոցական երեխաները, բայց նաև նրանց պաշտպանելու համար է այստեղ:
Նարեկն ամուսնացած չէ: Հոռոմում ապրող ծնողները որդու որոշմանը չեն ընդդիմացել: Իսկ վարժանքների կարևորության մասին պատասխանը կարճ է.
«Բոլորս էլ թե ստիպված ենք, թե պարտավոր ենք...»:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան