Բոլոր բնակավայրերում պետք է հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայությունները, որ յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն ունենա օգտվելու այդ ծառայություններից: Այս մասին այսօր Կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը ներկայացնելիս նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Մենք արդեն իսկ այս ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Իրականացվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ, որոնց նպատակն է բոլոր այն բնակավայրերում, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ, ստեղծել նման հաստատություններ: Պետք է փորձենք հասնել նրան, որ 5-6 տարեկան բոլոր երեխաները մինչև դպրոց գնալը գոնե մեկ տարի նախադպրոցական որևէ ծրագրում ներգրավված լինեն: Հետազոտությունները փաստում են, որ վաղ մանկության զարգացումը և նախադպրոցական ծառայությունը հստակ նպաստում են դպրոցում ավելի բարձր արդյունքների գրանցմանը»,- ասաց Անդրեասյանը:
Խոսելով հանրակրթության մասին՝ Անդրեասյանը շեշտեց նաև, որ ոչ մի երեխա չպետք է դուրս մնա պարտադիր կրթության համակարգից:
«Այսօր ունենք պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, ուղղորդման կարգ, որը միջգերատեսչական լուրջ աշխատանք է ենթադրում: Խոսքը ոչ միայն ֆորմալ, այլև արդյունավետ ընդգրկվածության մասին է»,- ասաց Անդրեասյանը:
Անդրեասյանը կարևորեց նաև ենթակառուցվածքների բարելավման քաղաքականությունը:
«Կառավարության ծրագրով սահմանված է, որ 2026 թվականի ավարտին ունենանք առնվազն 300 դպրոց՝ հիմնանորոգված, վերակառուցված, վերանորոգված, որոնք կունենան արդիական ենթակառուցվածքներ ու պայմաններ: Ինչպես նաև նախատեսված է, որ բոլոր դպրոցներն ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտ լաբորատորիաները»,- ասաց Անդրեասյանը: