Գործադիրը հավանություն է տվել 2021 թ. հոկտեմբերի 29-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծին:
Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:
Մինչ այս համաձայնագրի կնքումը Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում:
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ:
Այսպես, եթե 2012-2017 թթ. ստացվել է 1446 ռեադմիսիոն հայց՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թ. ստացվել է 1030 հայց՝ 2045 անձանց մասին, 2019 թ.՝ 870 ռեադմիսիոն հայց՝ 1656 անձանց մասին, իսկ 2020 թ.՝ 691 ռեադմիսիոն հայց՝ 1231 անձանց մասին, իսկ 2021 թ.՝ 760 ռեադմիսիոն հայց՝ 1328 անձանց մասին։