Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ծառայություն էր իրականացնում Էջմիածին, Արմավիր և Մեծամոր քաղաքների առևտրի կենտրոններում, բանկերում, գեղեցկության սրահներում, դեղատներում: Տեսչական խումբը հակահամաճարակային կանոնների մի շարք խախտումներ է արձանագրել «Տելեկոմ Արմենիայի» գրասենյակում:
Տաթևիկ Գալստյան (ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատակից) - Ախտահանիչ նյութերը չեն համապատասխանում սահմանվածին: Պետք է սպիրտային լուծույթը 70 տոկոս պարունակի, իսկ այստեղ 61 է, այսինքն՝ ախտահանում չի անում:
Գայանե Կարապետյան («Տելեկոմ Արմենիա» ընկերության աշխատակից) - Կենտրոնն է մեզ ապահովում՝ ինչպես դիմակները, այնպես էլ սա: Սկզբում ուրիշն էինք ստանում, հետո ասացին՝ «Միստր Ջինը» պետք է ստանանք:
Թերի էր նաև պատվաստումային գործընթացը. որոշ աշխատակիցներ խախտել էին պատվաստումների միջև ընկած ժամանակահատվածը:
Սոնա Մուրադյան (ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ) - Աշխատակիցները բոլորը պատվաստված են, ուղղակի մեկի մոտ եղել է հոկտեմբերին, մյուսի մոտ՝ այլ ժամանակ: Բացակայում են մինչ այդ ՊՇՌ հետազոտությունների արդյունքները: Եթե պատվաստումը ուշ է տեղի ունեցել, պետք է մինչ այդ թեստ հանձնեին:
Տեղում կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Ընկերության ղեկավարը կհրավիրվի տեսչական մարմին: Խախտումները հաստատվելու դեպքում կենթարկվի պատասխանատվության:
Գնել Սարգսյան (ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի պետ) - Եթե ապացույցներ բերեն, որ խախտումներ չկան, գործը կկարճվի, եթե ոչ՝ կա՛մ նախազգուշացում, կա՛մ՝վարչական տույժ:
Բանկերից մեկի մասնաճյուղում կրկնայց էր: Նախորդի ժամանակ դիմակ դնելու, սոցիալական հեռավորության և փակ աղբամանների բացակայության դեպքեր էին արձանագրվել: Իսկ այսօր, տեսուչների պնդմամբ, թերությունները վերացրել էին:
Խախտումներից անմանսն չէին խանութները: Կրկնվող երևույթ էր 70 տոկոս սպիրտային հիմքով ախտահանիչի փոխարեն 62 տոկոսանոցի կիրառումը: Ստացվում է՝ ախտահանիչը կա, բայց արդյունավետ չէ:
Նաիրա Մերվազյան (ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի բժշկական օգնության սպասարկման վերահսկողության բաժնի պետ) - Տնտեսվարողները, երբ գնում են ախտահանիչը, մենք իրազեկում ենք՝ անհրաժեշտ է 70 տոկոս սպիրտային հիմքովը գնել. պետք է պահանջեն:
Ստուգայցն ընդգրկուն դարձնելու համար թիմում ներգրավվել էին բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության, դեղերի շրջանառության, հիգիենիկ հակահամաճարակային բաժինների մասնագետներ: Տեսչական խմբի Արևելյան տարածքային կենտրոնը, որ սպասարկում է Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերը, հակահամաճարակային կանոնների խախտման թվի նվազում և պատվաստումների աճ է արձանագրել: Արարատի մարզը, օրինակ, գերազանցել է 50 տոկոսը, իսկ Արմավիրն ու Արագածոտնը մոտենում են այդ ցուցանիշին: