ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
ընդունել է իր և իր գործընկերների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
«Ըստ առաջարկվող նախագծի՝ լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։
ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը: Լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից:
Սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ):
Վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ):
Նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։
Շնորհակալություն գործընկերներիս՝ պատգամավորներ Թագուհի Ղազարյանին, Սարգիս Խանդանյանին, Վահագն Հովակիմյանին, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և փոխնախարարներին, քաղաքացիական հասարակության և մեդիաոլորտի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության, առողջ բանավեճերի և նախագիծը լավարկելուն ուղղված առաջարկների համար։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։
Հարկ է ընդգծել, որ չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլև միջազգային պրակտիկայում, ինչը հույս ունեմ՝ կօգնի բոլորիս ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի գործում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը: