ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Դոհայում հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ քննարկելով Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում վերջին զարգացումները, իրավիճակը Մերձավոր Արևելքում և հատկապես Լիբանանում: Կատարը հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են, սակայն բարձր մակարդակով հանդիպումներ նախատեսված չեն:
Ամերիկյան կողմի հետ հանդիպումից հետո կատարցի միջնորդները բանակցություններ կանցկացնեն Թեհրանի պատվիրակության հետ: Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի՝ քննարկման առանցքում կլինեն Վաշինգտոնի և Թեհրանի պայմանավորվածությունները, ինչպես նաև իրանական ակտիվների ապասառեցումը: Ավելի վաղ Կատարի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ իրանական սառեցված ակտիվներից 6 միլիարդ դոլարը դեռ չի փոխանցվել Թեհրանին. այդ հարցը կախված է բանակցությունների ընթացքից։
Իր հերթին, Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը նախընտրում է բանակցությունները, բայց պատրաստ է նաև ռազմական բախման: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով Իրանը չէր կարողանում նավթ արտահանել, սակայն վերջին 10-12 օրվա ընթացքում երկրից արդեն 40 միլիոն բարել նավթ է արտահանվել:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: