Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարևոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, կառավարման, հանրահռչակման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով:
Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերի 27-ին: Հայաստանը նախաձեռնության հիմնադիր անդամ է Չինաստանի, Կամբոջայի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Իրանի, Ղրղզստանի, Պակիստանի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եմենի հետ միասին: Դաշինքի կանոնադրությունը հաստատվել և ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 25-ին: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Դաշինքը համագործակցության հարթակ է, որի նպատակն է աջակցել մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման կարողությունների զարգացմանը, խթանել ժողովուրդների միջև կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը:
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հունվարի 22-ին վավերացրել է դաշինքի կանոնադրության սկզբնական տարբերակը: Կազմակերպության խորհրդի 2-րդ նիստի ընթացքում հաստատվել է կազմակերպության կանոնադրության փոփոխությունը, ըստ որի՝ փոփոխման է ենթարկվել կառույցի կարգավիճակը՝ վերածվելով միջազգային միջկառավարական կազմակերպության: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերահաստատելու Հայաստանի` դաշինքին անդամակցությունը:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը դաշինքին ներկայացրել է դրամաշնորհային հայտեր, և Հայաստանն արդեն ստացել է շուրջ 32 մլն դրամի աջակցություն՝ «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում ու պահպանում» ծրագրի իրականացման համար: Ծրագիրն իրականացնելու է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում: Դրական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը նախատեսվում է քննարկել հուլիսի 2-ին գումարվող ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: