Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնության նպատակն է մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը ապահովել այդ անձանց՝ նվազագույն ամսական աշխատավարձին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը:
Կարգավորումներով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:
«Առաջարկվում է ամրագրել, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականին չի կարող ավելի ցածր լինել, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական անվանական արձակուրդի աշխատավարձի 70 տոկոսը»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:
Նախագծում ներառվել են նաև վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին, կամ զորավարժություններին ներգրավված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց որոշակի երաշխիքներով ապահովելու դրույթներ: