ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ԱԺ ամբիոնից խոսեց ընդդիմության ներկայացուցիչների գործելաոճի ու երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների լուծման գործում նրանց բացակայության մասին:
«Այս մարդիկ պատերազմից հետո ամեն ինչ արեցին, որ ալեկոծեն մեր պետությունը և զավթեն իշխանությունը: Չստացվեց: Պահանջեցին արտահերթ ընտրություններ, կազմակերպեցինք ընտրությունները, մնացին մերժված, ժողովուրդն իրենց չվստահեց իշխանություն: Ի՞նչ արդարացում բերեց նրանց առաջնորդը՝ ասելով, որ՝ ժամանակը քիչ էր, չկարողացան գնալ մարզեր, գյուղեր, բացատրել մարդկանց, որ մեզ անհրաժեշտ է վերադարձնել իշխանության: Այդ առիթն էլ ստեղծվեց, 35 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, ռևանշիստական երկու ճամբարը հրաժարվեց մասնակցելուց:
Այս երկու դաշինքը չի մասնակցել ընտրություններին, բայց նրանց առանցքը կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունն ընտրությունների արդյունքներով պնդում է, որ ապացուցվեց՝ ինքը ընդդիմադիր դաշտի ամենահզոր քաղաքական ուժն է: Համաձայն եմ: Եթե խոսենք՝ ռևանշիստների մեջ ամենահզորը նրանք են: Նրանց շնորհավորում եմ, որովհետև կարծում էի, որ 1 տոկոս ձայն կստանան, բայց ստացել են 3.5 տոկոս: Շնորհավորելու բան է: 3.5 տոկոս ստացած քաղաքական ուժը կուրծք է ծեծում, որ ինքը խորհրդարանում երկրորդ ուժն է: Իսկ 3.5 տոկոսը միջինացված նշանակում է մերժված, ըստ էության:
Իհարկե, պետք է դահլիճ չգան, բայց դրանով մենք պետք է ոչ թե ուրախանանք, այլ մտահոգվենք, որովհետև մեր պատասխանատվությունը մեծանում է: Մեր երկրում բազմաթիվ հարցեր կան լուծելու, բազմաթիվ մարտահրավերներ կան, դժբախտաբար մենք կոչված ենք այդ մարտահրավերների լուծումները գտնել միայնակ, առանց խորհրդարանական ընդդիմության աջակցության, որն անհրաժեշտ է: Բայց, բարեբախտաբար, Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական-հասարակական կառույցներ, որոնք գիտակցում են պահի բարդությունը և պատրաստ են համագործակցելու»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ռևանշիստների չորրորդ փորձը՝ ցանցային պայքարով մարդկանց փողոց հանել, չի հաջողվի:
«Եվ ես համոզված եմ՝ մենք այս փորձությունը պատվով կանցնենք, և Հայաստանը իր ժողովրդով, քաղաքացիներով ունի՛ ապագա»,- ընդգծեց պատգամավորը: