Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով երեք անձի վերաբերյալ նախաքննության ավարտ է հայտարարվել: Մեղադրյալներից են Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ 33-ամյա Գոռ Համբարձումյանը, և նրա շրջապատի անդամներից 39-ամյա Սարգիս Սահակյանը։
Նրանք, ըստ մեղադրանքի, 2021 թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում «Տեցի կռուգ» կոչվող տարածքում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն: Գործով անցնում է նաև նրանց օժանդակելու համար մեղադրվող մարմնավաճառը:
Էդուարդ Թումաղայան (ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Մասնավորապես, տրամադրել է տեղեկություններ այլ մարմնավաճառի շարժի վերաբերյալ, հաճախորդների վերաբերյալ, գտնվելու վայրի վերաբերյալ, երբեմն էլ գումարը անձամբ փոխանցել է Մասիս քաղաքի 39-ամյա բնակչին, որն էլ իր հերթին գումարից պարբերաբար փոխանցումներ է կատարել Մասիս քաղաքի 33-ամյա բնակչին։
Քրեական գործը հարուցվել է փետրվարին՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում, երբ քաղաքացին հաղորդում է տվել, որ իր 19-ամյա դստերը ներգրավել են պոռնկության մեջ: Նախաքննության ընթացքում էլ պարզվել է՝ խոսքը ոչ թե առանձին դեպքի, այլ շղթայական ու կազմակերպված գործընթացի մասին է։ Այս գործի նախաքննությունը շարունակվում է, իսկ պոռնկությանը նպաստելու դրվագով մասն անջատվել է:
Էդուարդ Թումաղայան - Պոռնկության նպաստելը իրականացվել է հետևյալ մեխանիզմով՝ որպեսզի թողնեն մարմնավաճառները կանգնեն, այսինքն՝ խոչընդոտ առաջանալու դեպքում վերացնեն խոչընդոտները, տրամադրեն տրանսպորտային միջոցներ, դրանց դիմաց պահանջել են գումարներ և մարմնավաճառներն էլ, որպեսզի կարողանան անխոչընդոտ աշխատեն, այսպես ասած, իրենց վաստակած գումարի մի մասը կամ ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով փոխանցել են Մասիս քաղաքի 39-ամյա բնակչին, որն էլ արդեն, ժամանակ առ ժամանակ, դրա մի մասը փոխանցել է Մասիս քաղաքի 33-ամյա բնակչին։
Այս պահին նույնականցված է երեք մարմնավաճառ:
Գոռ Համբարձումյանը, Սարգիս Սահակյանը մի քանի ամիս է՝ կալանավորված են, իսկ նրանց օժանդակած մարմավաճառի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, մեղադրյալ է ևս մեկ քրեական գործով․ ըստ մեղադրանքի՝ նա 2018 թվականի հեղափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոց փակած ցուցարարներին ձեռքերով և ոտքերով հարվածել է ու հայհոյել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան