Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Պատճառը Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայությունն էր, որը պարզելու համար դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է ընդմիջում:
Այնուհետև նա կողմերին տեղեկացրել է, որ նիստի ընթացքում Լուսինե Սահակյանը էլեկտրոնային նամակով հայտնել է, որ շարունակում է ծանոթանալ գործի նյութերին:
Հաշվի առնելով գործի ծավալը և այն, որ իրեն չեն տրամադրվել բոլոր նյութերը, նաև փաստաբան Ռուբեն Սահակյանի մահը, Լուսինե Սահակյանը խնդրել է հետաձգել նիստը: Մինչև ընդմիջումը մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել է ավելի խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Սահակյանին, քանի որ նրա վարքագիծը խոչընդոտում է դատական քննությանը:
«Լուսինե Սահակյանը սույն գործով դատական քննությանը ներգրավվել է դատական քննությունն անհնարին դարձնելու նպատակով: Եվ դա անում է ցանկացած եղանակով՝ դատարանում կանգնելով և չնստելով, Ձեր օրինական կարգադրուններին չենթարկվելով, դատական նիստերի դահլիճը ապօրինաբար լքելով»,- ասել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան