2021 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00:45-ին, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել մի երիտասարդ, որը գիտակցության չգալով մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժած երիտասարդի ինքնությունը, որը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ է՝ ծնված 1991 թ., դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժած երիտասարդի համագյուղացին է՝ 20 տարեկան: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողի և կասկածյալի հագին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: