Մինչև հոկտեմբերի 26-ը Մոսկվայում՝ ՌԴ դատախազության համալսարանում, կվերապատրաստվեն ՀՀ և ՌԴ դատախազները: Դատախազներին ողջունել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը:
Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը: Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված 2021-2025 թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում:
Հայաստանի Հանրապետության դատախազներին հաջողություն է մաղթել ՌԴ դատախազության համալսարանի ռեկտորը և վստահություն հայտնել, որ ուսուցումը օգտակար կլինի, իսկ ձեռք բերված գիտելիքները դատախազները կկարողանան արդյունավետ կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում:
Բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային-իրավական գլխավոր վարչության արտահանձնման բաժնի պետ Վյաչեսլավ Միխեևը:
Նա կարևորել է ՌԴ և ՀՀ դատախազությունների միջև շարունակական համագործակցության անհրաժեշտությունը: Հոկտեմբերի 20-ին հայ և ռուս դատախազների մասնակցությամբ տեղի կունենա կլոր սեղան՝ «Քրեադատավարական գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողության արդի հարցերը և դատախազի մասնակցությունը քրեական դատավարությանը» խորագրով:
Վերապատրաստմանը մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների, մարզերի դատախազությունների 7 դատախազ: